«Մայրաքաղաքը սոսկալի վիճակում է». Ճարտարապետը՝ Երևանի խնդիրների մասին
Երևանը սոսկալի վիճակում է, երբ նայում ես վերևից, սոսկալի է, որովհետև շենքերը շահագործման են հանձնվել 50-60 տարի առաջ ու նրանց նկատմամբ որևիցէ մոտեցում չի ցուցաբերվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ճարտարապետերի միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով՝ Երևանի հիմնական խնդիրն այն է, որ շինարարություն իրականացնելիս չպետք է շեղվել հիմնական նորմերից:
«Հնարավոր է փոքր շեղումներ լինեն, բայց բացահայտ շեղումները բերում են այն աղճատմանը, ինչն այսօր մենք տեսնում ենք: Մեր քաղաքում չկա հստակ քաղաքաշինական մոտեցում, ու չնայած այն բանին,որ հոգնեցնելու աստիճան մենք խոսել ենք տարբեր խնդիրների մասին, այսօր նորից ենք ասում, ու երևի այնքան պետք է ասենք, մինչև մեր ձայնը տեղ հասնի», - ասել է բանախոսը:
Մինասյանը նշել է, որ առաջին կարևոր հարցը կայուն, մարդկանց համար շատ ապահով շենքեր ունենալն է:
«Այսօր մարդկանց անհանգստացնում է մեր՝ սեյսմիկ ակտիվ գոտում գտնվելու հանգամանքը: Անում ենք շատ խիտ կառուցապխատում կենտրոնում ու ոչ միայն, այլ տարբեր, առավել օգտավետ թաղամասերում: Վերջին հաշվով կան նորմատիվ փաստաթղթեր, ըստ որոնց պետք է շարժվենք: Ինչքան էլ այսօր ասենք, որ շինարարական որակը անհամեմատ բարձր է խորհրդային ժամանակվա որակից և այն հաշվարկները, որ կան հիմա, ավելի ճիշտ են, քանի որ սեյսմիկ ֆոնը վերցված է 9-10 բալի համար, սակայն, վերջին հաշվով կա շինարարություն կատարողների խնդիրը, որը երբեմն չի կատարվում և դեռևս չգիտենք, ի՞նչ կերպ այդ շենքները կպահեն իրենց: Որպես դրա վառ արտահայտություն բերեմ Խանջյան 20 հասցեում տեղի ունեցած փլուզումը», -ասել է Մինասյանը:
Խոսելով Երևանի կանաչապատ տարածքների մասին, Մինասյանը նշել է, որ այսօր քաղաքում որպես այդպիսին մնացել է «Սիրահարների այգին», այն էլ բզկտվել է կառույցների խտությունից:
«Օղակաձև այգու փայտաշեն սրճարանները աստիճանաբար վեր են ածվում բետոնե կմախքներով մեծ կառույցների ու մենք պետք է դրանցից ազատենք այգին, որպեսզի մարդկանց ու երեխաների ման գալու համար ստեղծենք բարեկեցիկ պայմաններ: Այնտեղ մի ընդհանուր սրճարանների շղթա է, որտեղով ոչ ոք ուղղակի չի կարողանում քայլել՝ տեղ չկա քայլելու», - ասել է Ճարտարապետների միության նախագահը:
Նա նաև խոսել է Հրազդանի կիրճի մասին՝ հիշեցնելով, որ մեր համաքաղաքացիները արդեն դրա տեղն էլ են մոռացել՝ բացառությամբ ձորում կառուցված օբյեկտների հիմնական հաճախորդների:
«Զանգվի ձորը բոլորինս է, իսկ հիմա խիտ կառույցների պատճառով անջատվել է քաղաքից», -նշել է Մինասյանը:
Բազմաթիվ խնդիրների շարքում է նաև Արտաքին գործերին նախարարության շենքի հարցը, որը հետագայում որպես հյուրանոց է ծառայելու:
«Մեր հրապարակը մեր ազգի, հայրենիքի, սփյուռքահայերի համար յուրահատուկ նշանակություն ունի: Այստեղ են ուղղված բոլորի հայացքները ու ԱԳՆ-ի շենքում հյուրանոցը ավելի վատթար պայմաններ կստեղծի հրապարակի համար: Չգիտեմ՝ ի՞նչ կերպ կարվի հյուրանոցը, եթե իհարկե հետագայում փոքր-փոքր աղճատեն նաև այդ շենքը, մենք ընդհանրապես կկորցնենք հրապարակը որպես այդպիսին՝ որպես պատմամշակութաին խոշոր ժառանգություններից մեկը», - ասել է Մինասյանը: