Նոյեմբերի 28-ին ԼՂՀ-ի «Ինտերնատ» կոչվող զորամասում ծառայած Հայկ Մովսիսյանը, պաշտոնական վարկածի համաձայն, կախվել է Շուշիի բերդում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Զինվորի մայրը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ թերահավատ է, թե իր որդին ինքնասպան է եղել: Մահացած տղայի հարազատները պահանջում են բացահայտել, թե իրականում ինչ է տեղի ունեցել Շուշիի բանտում:
Թերթը նաև գրում է, որ Հայկը Հրազդանի Վանատուր թաղամասի բնակիչ է եղել, զորակոչվել է 2011 թվականի հունիսին: Մոր խոսքով՝ որդին սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, սակայն զինկոմիսարիատում այդ մասին տղային չեն ասել:
«Իրան տարել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ նույն պրոբլեմներն է ունեցել, թղթերի մեջ գրված է, որ ոչ պիտանի է ծառայության, բայց էդքանից հետո իրան տարել են բանակ՝ ԼՂՀ-ի «Ինտերնատ զորամաս»», – ասել է Հեղինե Պետրոսյանը:
Մայրը նաև նշել է, որ Հայկը հիվանդ է եղել, և բանակում զգեստը չի հագել, հետո փախել է անտառներ: Երիտասարդին հետ են վերադարձրել և բացատրել են, որ նման բան այլևս չանի:
«Էդ ընթացքում որդուս հիվանդությունը գլուխ է բարձրացրել, ինքն արդեն լավ չի զգացել: Անգամ այդ ժամանակ իր երակներն է կտրել: Որդուս տեղափոխել են հոսպիտալ, պարզվել է, որ նրա մոտ շեղումներ կան, ու ահագին հետազոտություններից հետո, որոշվել է, որ պետք է ազատվի բանակից ու նրան տվել են վայեննի բիլետը»:
Մոսկվայում բուժում ստանալուց հետո մայրն ու որդին վերադարձել են, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում տղային ձերբակալել են, իսկ հետո դատապարտել են 3 տարվա ազատազրկման դասալքության համար ու տեղափոխել Շուշիի բերդ:
Մայրը փորձել է պարզել, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ պաշտպանության նախարարի ստորագրությամբ զինգրքույկ ունեցող որդին «ռոզիսկի տակ ա էղել»՝ գնալով ՀՀ նախկին զինկոմ Սերգեյ Չալյանի մոտ:
«Չալյանի մոտից մի երիտասարդի ասացինք, որ սենց բան կա, որ կարող եք Հայկի բիլետը վերցնեք և ստուգեք: Ինքը վերցրեց, ստուգեց ու զանգեց ինչ-որ մեկին ու ասաց, թե «էս համարի բիլետը ստուգի»: Ստուգեցին ու էնտեղից պատասխանեցին, թե «սա մեր խնդիրը չէ, թե ով է ԼՂՀ-ից համակարգչի մեջ մտցրել, որ Հայկը ռոզիսկի մեջ ա, գնացեք, պարզեք»: Բայց ես ձեզ մի բան ասեմ, էդ վայեննի բիլետի մեջ Սեյրան Օհանյանի ստորագրությունն է, որ Հայկը ազատվում է ծառայությունից, նիուժելի՞ էդ ոչ մի նշանակություն չունի», – թերթի հետ զրույցում ասել է մայրը:
Հեղինե Պետրոսյանը պատմել է, որ երեխան դատական նիստերից մեկի ժամանակ լացել է, գոռացել է՝ «ես մեղավոր չեմ, ես հիվանդ եմ»: Մոր խոսքով՝ նա նաև վախենում էր փակ տարածություններից և արդեն բանտում իր հետ կարճատև հանդիպման ժամանակ՝ մահվանից 5 օր առաջ, խնդրել է իրեն բերդից հանել:
Մայրն ընդգծել է, որ ԼՂՀ-ում արված դիահերձման ժամանակ հարազատներից ոչ ոք ներկա չի եղել: Նրանք երկրորդ դիահերձումն են պահանջել Երևանում:
«Ու էստեղ արդեն ասեցին, որ սա պռոստինի բան չի, երեխան կապտած չէր, ավելի շատ հետևից ձգած բան ա: Իր ձեռքերն են կապտած, ու որ բժիշկներին հարցրինք, ասեցինք, թե ինչի համար ա տենց, ասեցին, որ ուղղակի արյուն չի խաղացել ըտեղ: Իրեն սպանել են, մենք համոզված ենք», – ասել է մայրը: