Home / Հայաստան / Պետական դավաճանության գործը ՄԻԵԴ-ում է. պաշտպանյալին դատել են ընդդիմադիր լինելու համար, պնդում է փաստաբանը

Պետական դավաճանության գործը ՄԻԵԴ-ում է. պաշտպանյալին դատել են ընդդիմադիր լինելու համար, պնդում է փաստաբանը

«Եդեսիա» ջոկատի նախկին հրամանատար, պետական դավաճանության հոդվածով 12 տարի ազատազրկման դատապարտված Գևորգ Հայրապետյանի գործն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ, Հայրապետյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի խոսքով, «այդ գործում գրեթե բոլոր իրավունքները խախտվել են»:

Փաստաբանն ընդգծել է, որ ՄԻԵԴ ուղարկված գործը ունի երկու մաս. առաջինը՝ դատական գործի քննությանն է անդրադառնում, որտեղ, ըստ բողոքող կողմի, խախտվել է արդյունավետ պաշտպանության, արդար դատաքննության իրավունքները,  երկրորդ մասը «Մուլտի Մեդիա Կենտրոն Թիվի»-ի դեմ է, քանի որ վերջինս խախտել է անմեղության կանխավարկածը և ցուցադրել է հաղորդում, որտեղ նշվել է, որ Գևորգ Հայրապետյանը պետական դավաճան է:

«Արդարադատության իրավունքը խախտեցին և քննությունը դռնփակ կարգով որոշեցին անցկացնել՝ պատճառաբանելով, թե խոսքը պետական գաղտնիքների մասին է և չպետք է հանրայնացնել: Սակայն հենց իրենք հաղորդում պատրաստեցին և որպես փաստ ներկայացրեցին, թե Հայրապետյանը դավաճան է: Հաղորդումը ցույց տցվեցին դատական ակտի հրապարակումից մի քանի օր հետո, երբ գործը դեռ չէին տրամադրել նույնիսկ կողմերին, այդ ժամանակ կար միայն վճռի եզրափակիչ մասը»,- ասել է Սեդա Սաֆարյանը:

Նա հավելել է, որ Հայրապետյանին նույնիսկ չեն թողել իր միջնորդությունը, ապացույցները ներկայացնել դատարանում, հանդիպումները փաստաբանի հետ  թույլ են տրվել երբեմն նույնիսկ Փաստաբանների պալատի միջամտությամբ:

Սաֆարյանը չի բացառում, որ «գործ սարքելու պատճառը Հայրապետյանի ունեցած այլախոհությունն է եղել»: Սաֆարյանը փոխացնել է, որ Հայրապետյանը 2008 թվականին շարժման մեջ է եղել, Մարտի 1–ին Ազատության հրապարակում է եղել և փորձել է պաշտպանել մյուսներին՝ ոստիկաններին ասելով՝ «ինձ էլ տարեք»:

«Բայց նրան այլ կերպ որոշեցին տանել»,- ասել է Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ  Հայրապետյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով` «Պետական դավաճանություն լրտեսության ձևով»: Ըստ մեղադրականի, նույն գործով կալանավորվել էր նաև Հայրապետյանի և ադրբեջանական հատուկ ծառայությունների միջև կապ իրականացնող Իրանի քաղաքացի Բեհնամ Բաղերին: Գևորգ Հայրապետյանը հանդիսանում է նախկին զինծառայող, պահեստազորի փոխգնդապետ, 2007-ին արձակվել է ՀՀ զինված ուժերից` զինվորական և ծառայողական կարգապահության կանոնների կոպիտ խախտման համար, 1994 թվականից ապրել է Քարվաճառում:

Tekali Taxi