«Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ-ն դիմել է Ազգային Ժողովի Էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով քննարկման դնել ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի պահվածքը:
Նշենք, որ ՀԿ-ն Մելքումյանի հարցը խնդրել է քննարկել Panorama.am-ի տարածած տեսանյութը ուսումնասիրելուց հետո: Տեսանյութում բացահայտվում է, որ պատգամավորը օրենսդիր գործունեությանը զուգահեռ ԲՈՒՀ-ում անշարժ գույքի գործակալի դեր է կատարում, հանդիսանում է տարածքների խոշոր սեփականատեր և բրոքեր՝ վարձակալության պայմանների շուրջ բանակցություններ է վարում: Կենտրոնը էթիկայի հանձնաժողովի ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքին, որ Մելքումյանը ոչ միայն չէր թաքցնում իր ով լինելը, այլ անգամ նշում էր, որ ինքը «ճանաչված այր» է ու իր հետ համագործակցելը «շահավետ» կլինի:
«Թե ինչպես են նշված տարածքները դարձել այդ ընտրյալի քողարկված սեփականություն, կարծում ենք, պետք է պարզեն իրավապահ մարմինները: Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և uտեղծագործական աշխատանքից: Իհարկե, կարելի է խուսանավել՝ ասելով, որ այդ տարածքները ուրիշ անձանց, օրինակ, մոր անունով են, հետևաբար մայրն է սեփականատերը, սակայն կարծում ենք, որ հարցը պետք է դիտարկվի ոչ թե իրավական տեխնիկայի նեղ մեկնաբանումների տեսանկյունից, այլ հարցին պետք է տրվի բովանդակային իրավական գնահատական, իրավական մեկնաբանություն։ Տեսանյութում պատգամավորն ինքն է բացահայտում, որ անձամբ է այդ տարածքները վարձով տալիս և դրանք իրենն են։ Այսինքն, ուղղակի ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում»- նշված է նամակում: