Home / Հայաստան / Երևանի կենտրոնում շենքեր կառուցող ընկերությունների տնօրենի գործը դատարանում է

Երևանի կենտրոնում շենքեր կառուցող ընկերությունների տնօրենի գործը դատարանում է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է  «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ» և «Նարեկ-Գրադ» ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանի ու նրա գործընկեր Սիմոն Աղազարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա` խարդախությամբ բազմաթիվ անձանց առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու համար Գագիկ Պապոյանին ու Սիմոն Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորում:

Քրեական գործով ներկայացված քաղաքացիական հայցերը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու համար կալանք է դրվել ինչպես մեղադրյալների անձնական, այնպես էլ «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ» և «Նարեկ-Գրադ» ընկերությունների ողջ գույքի վրա, հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հիշյալ գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել են երկու քրեական գործեր` Մեսրոպ Սահակյանի կողմից խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու և Կարեն Կարապետյանի ու Մեղեդի Մարդիրոսյանի կողմից նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու և իրացնելու վերաբերյալ, որոնք ուղարկվել են ըստ քննչական ենթակայության:

Մեղադրյալներ Գագիկ Պապոյանի ու Սիմոն Աղազարյանի վերաբերյալ քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը 2012թ. դեկտեմբերի 7-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործը նույն օրն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Հիշեցնենք, որ «Գապբնակշինը» 2004 թվականից պայմանագրեր է կնքել Արամի, Եկմալյան, Բուզանդ և Սարյան փողոցների սեփական տներում բնակվող մարդկանց հետ` խոստանալով այդ վայրում շենքեր կառուցելուց հետո նրանց բնակարաններով ապահովել: Սակայն բնակարանները վաճառվել էին մի քանի անձանց միաժամանակ, դեպքի առիթով նախորդ տարվա վերջին քրեական գործ էր հարուցվել, իսկ «Գապբնակշինի» տնօրեն Գագիկ Պապոյանը ձերբակալվել էր:

Խաբված բնակարանատերերը պնդում են, որ գործում ներքաշված են նաև Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը և ՀՀ նախագահի վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Հովսեփյանը, ով իրենց բողոքներին միտումնավոր ընթացք չի տվել:

Tekali Taxi