Home / Հայաստան / Պատգամավոր. Ձայնագրությունն արվել է Սերժ Սարգսյանի հրամանով (ՎԵՐԾԱՆՈՒՄ)

Պատգամավոր. Ձայնագրությունն արվել է Սերժ Սարգսյանի հրամանով (ՎԵՐԾԱՆՈՒՄ)

Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հաստատել է, որ համացանցում տարածված «Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի զրույցը սրճարանում» վերնագրով ձայնագրությունն իր և նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Վարդան Օսկանյանի գաղտնալսված մասնավոր զրույցն է:

Զուրաբյանը պնդում է, որ գաղտնալսումը իրականացրել է Ազգային անվտանգության ծառայությունը, որը գործել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ վերջինիս քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու նպատակով:

Պատգամավորը նշում է նաև, որ ձայնագրությունը անմիջապես տարածվել է «ռեժիմի շահերը անթաքույց սպասարկող լրատվամիջոցների կողմից»:

Նշենք, որ Youtube-ում ձայնագրությունը ներբեռնել է Arm Neew օգտատերը, որը գրանցվել է նյութը տեղարդելուց մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 15-ին: Նշենք նաև, որ ձայնագրության մեջ հիմնականում խոսում է Զուրաբյանը, իսկ Օսկանյանը ուղղորդող հարցեր տալիս:

Ստորև ներկայացնում ենք զրույցի վերծանումը և Զուրաբյանի հայտարարությունը ամբողջությամբ.

Ձայնագրություն

Զուրաբյան.  ՙԱյլընտրանքը…մի տարբերակը էնա, որ, այնուամենայնիվ, մի հատ թեկնածու դնենք, որը ընդամենը կապահովի (ենթադրաբար մոտենում է մատուցողը և հարցնում. «վերցնեմ բաժակը», «չէ, թող մնա»,պատասխանում է Զուրաբյանը) թիմի գործունեությունը, այսինքն, հասկանում ես, եթե (հստակ չի հասկացվում) Լևոնը չի, ամոթ չի, ամոթ չի…  Ասենք ասենք՝ որևէ մեկը:

Օսկանյանը զուգահեռ ասում է. (մեկ բառ հստակ չի հասկացվում) Լևոնը չի: Կամ դու պիտի լինես, կամ…..

Զուրաբյան. …Դե հիմա տեսական ենք խոսում: Ասենք, տենց թեքնածուին ամոթ չի լինի 7-10 տոկոս հավաքելը՝  դա խայտառակություն չի: Հասկանում ես…(այստեղ մի փոքր ընդհատում, աղմուկ, և կտրուկ սկսվում է նոր նախադասությունը): …չէ, Նիկոլը եթե դնի, տանելու ա լռիվ էդ ուղությամբ…: Ինքն էլ, Բագրատյանն էլ՝ իրանք արդեն լրիվ պատրաստվել են ոչնչացնել ԲՀԿ-ին:

Օսկանյան. Բագրատյանն էլ այդ թև՞ի…

Զուրաբյան. Բագրատյանը…մենք մեր քննարկումներում, երբ որ…ինքը ընդանրապես հրաժարվում ա, ասում ա՝ ինձ քաղաքական մարտավարություն չի հետաքրքրում: Մենք ասում ենք, մարտավարության առումով կարելի ա ինչ-որ բաներից չխոսել, ինչ-որ բաներ… Չէ ես… դե ես մի քիչ դա դեմագոգիա եմ համարում, բայց, այնուամենայնիվ, արդեն ես իրան մարտավարության արգումենտներ չեմ դնում:

Օսկանյան.  Ջհանգիրյանը ո՞ ւր է………….

Զուրաբյան. Ջհանգիրյանը լրիվ մեր գծի մեջա: Չէ, իրականում հիմնական թիմը լրիվ մեր գծի մեջ ա, ուղղակի երկու հատ վառ անհատականություն՝ ասենք, Հրանտն ա և Նիկոլը, ու իրանց վրա էլ են աշխատում, իրանք…վերջը…իրանք…հասկանում ես… Նորից եմ ասում, մի քիչ ոչ ստանդարտ իրավիճակ էր: Կոնգրեսը Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կարողանում էր պահել քաղաքացիական հասարակությունը, էսպես ասեմ էլի, ոչ հակառուսական հատվածում, մի քիչ էլ սենց Արևմուտքին քննադատելով, որ ինքը աչքեր ա փակում էս ամեն ինչի վրա: Ու նաև կարողանում էր ինչ-որ ձևով ասել՝ դե, մարտավարություն ա, ԲՀԿ-ի հետ կարանք գնանք…………, չնայաց իրանք էլ են, հա, մարտի 1, չգիտեմ ինչ, բան և այլն… Հիմա հարցեր կան, ավելի լավ ա ռեժիմից պոկենք… Սա հաջողվել ա էս ընթացքում: Բայց եթե ինքը չի առաջադրվում, արդեն դառնում ա լրջագույն պրոբլեմ: Ու դուք կհայտնվեք երկու ֆռոնտի մեջ…

Օսկանյան.  Գիտեմ, հա….. դուք արդեն պիտի փոխեք հռետորիկան նաև արդեն Բարգավաճի, չէ՞, հատվածը..:

Զուրաբյան. Ինչը՞:

Օսյանյան. Այսինքն ձեր մոտ արդեն պիտի Բարգավաճի վրա էլ հարված գնա էլի, որ կարողանաք մոբիլիզացնել: Դե են ժամանակ էլ………….(հստակ չի հասկացվում)…

Զուրաբյան. Չէ, նայի. շատ հեշտ կլինի եթե, ասենք, սկսվի…Լևոնը, ասենք, չի առաջադրվում: Սկսվում ա, թե բա մենք ինչ մարտավարություն ունենք: Նիկոլն էլ, Բագրատյանն էլ շատ հստակ ծրագրով են գալու: Ասելու են՝  «դնենք, մորթենք սաղին»:

Օսկանյան. Նաև ձեզ են մեղադրելու էլի, որ էն ժամանակ Բարգավաճի հետ սիլի-բիլի արեցիք և այլն:

Զուրաբյան. Բա ոնց:  «Դնենք, մորթենք, վերջը տանք», ու դա շատ ընկալլվող բան ա: Հիմա համ էլ միշիկական էս պրոպագանդայի շնորհիվ մեր շարքերի մեջ էլ ներմուծվել ա էն բանը, որ Կոնգրեսի սաղ պրոբլեմը էն էր, որ գնացինք ԲՀԿ-ի հետ համագործակցության: Հասկանում ես, շատ հեշտ կլինի, ուրեմն ներսից իրանք են գործելու, դրսից՝ միշիկները: Պլյուս արդեն դուրս եկածները՝ Արամ Սարգսյան, Դավիթ Շահնազարյան, բան և այլն, և այլն: Դառնալու ա շատ դժվար կառավարելի բան:-0-

Զուրաբյանի հայտարարությունը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, կատարելով քաղաքական հակառակորդներին լրտեսելու եւ վարկաբեկելու Սերժ Սարգսյանի հակասահմանադրական հրամանը, ապօրինաբար գաղտնալսել է երկու ԱԺ պատգամավորներ` Վարդան Օսկանյանի եւ իմ մասնավոր զրույցը եւ Ինտերնետում տեղադրել այդ զրույցի ձայնագրությունից կցմցած մի նյութ, որն անմիջապես տարածվել է ռեժիմի շահերը անթաքույց սպասարկող լրատվամիջոցների կողմից:

Այս կապակցությամբ հայտարարում եմ.

Ռեժիմի կողմից քաղաքական հակառակորդներին լրտեսելու այս ճղճիմ արարքը հակասում է Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված ժողովրդավարական տարրական նորմերին ու ռեժիմին հերթական անգամ դնում է օրենքից դուրս: Եւ թող չփորձեն խուսափել այս հանցանքի համար պատասխանատվությունից: Եթե հանցագործները անմիջապես չեն բացահայտվում, ուրեմն դա արել են հատուկ ծառայությունները: Այս օրինախախտման պատասխանատուները վաղ թե ուժ ամբողջ խստությամբ պատասխան են կրելու օրենքի առջեւ: Իշխանություններին պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն չտալու նկատառումով առաջարկում եմ դատախազությանը ընդունել սույն հայտարարությունը որպես հաղորդագրություն հանցագործության մասին եւ պահանջում եմ քրեական պատասխանատվության կանչել գաղտնալսման եւ դրա հիման վրա պատրաստված նյութի հրապարակման հեղինակներին։

Այս փաստը հաստատում է վաղուց արձանագրված այն իրողությունը, որ երկրի հատուկ ծառայությունները, փոխանակ զբաղվեն արտաքին վտանգներից երկրի անվտանգության ապահովման համար խիստ անհրաժեշտ հետախուզական եւ հակահետախուզական գործունեությամբ, հարկատուների միջոցները եւ սեփական ջանքերը հիմնականում ապօրինաբար ծառայեցնում են գործող իշխանությունների դիրքերի ամրապնդմանն ու ընդդիմությանը լրտեսելու, վարկաբեկելու եւ վնասազերծելու նպատակներին:

Ռեժիմի կողմից նման բացահայտ ստոր մեթոդներին դիմելու եւ ներքաղաքական լրտեսությամբ զբաղվելու իրողության հրապարակայնացումը ցույց է տալիս, որ իշխանությունները այնքան վախեցած են նախագահական ընտրություններում հնարավոր մարտահրավերներից, որ դրանք չեզոքացնելու նպատակով պատրաստ են բռնվել անգամ փրփուրներից:

ԱԱԾ-ի կողմից պատրաստած եւ հրապարակված նյութի բովանդակության որեւէ քննարկում կամ մեկնաբանություն համարում եմ բարոյապես եւ քաղաքականապես անընդունելի: Ավելին, դա կլինի ուղղիղ այն, ինչ որ պետք է հատուկ ծառայություններին այս ճղճիմ սադրանքը հաջողելու համար: Ուստի, ռեժիմի հատուկ ծառայությունների կողմից վատագույն գեբիստական ավանդույթներով պատրաստված եւ հրապարակված այս նյութի բովանդակության որեւէ քննարկում, մեկնաբանություն կամ հաստատում քաղաքական եւ հասարակական գործիչների կամ լրատվամիջոցների կողմից ուղղակի հավասարազոր է լինելու համագործակցության հատուկ ծառայությունների հետ այս ապօրինի գործունեության մեջ:

Tekali Taxi