Գլխավոր / Հայաստան / «Աշխարհի վերջը» երևանյան դպրոցներում տարբեր կերպ են անցկացրել

«Աշխարհի վերջը» երևանյան դպրոցներում տարբեր կերպ են անցկացրել

2012 թվականի դեկտեմբերի 21-ին աշխարհի կործանման մասին զրույցները, որոնք   լայն տարածում են գտել հասարակության շրջանում, բավական ակտիվ քննարկման  առարկա են դարձել նաև երևանյան մի շարք դպրոցների աշակերտների շրջանում: Еpress.am-ը  փորձել է պարզել, թե «աշխարհի վերջին օրը» ինչպիսի տրամադրություն է եղել այսօր մայրաքաղաքի մի քանի դպրոցներում: Պարզվել է, որ տարբեր դպրոցներում տրամադրությունները տարբեր են եղել:

Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցից Epress.am-ին հայտնել են, որ այս օրը ոչնչով չի տարբերվել մյուսներից:

«Խուճապ չկար, երեխաները նորմալ եկել էին դասի, անգամ թեմա չի եղել աշխարհի վերջի մասին», — հայտնել են դպրոցից:

Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանն էլ կատակով նշել է, որ այսօր վաղ առավոտից իրենց դպրոցում այնպիսի ուրախ եռուզեռ էր՝ կարծես «աշխարհի վերջը իրենց դպրոց էր գնացել»:

«Չեք պատկերցնում, թե որքան ուրախ է սկսվել օրը մեր դպրոցում: Վաղ առավոտից աշակերտները եկել են, ու բացակայություններ գրեթե չենք ունեցել: Առավել պարտաճանաչ են գտնվել հատկապես 1-ին դասարանի աշակերտները, որոնք մեկ մարդու պես դպրոց էին եկել: Հենց ժամը 10-ին ֆիզկուլտուրայի ուսուցչուհին 243 հոգանոց սպարտակիադա անցկացրեց դահլիճում ու այդ ամենն այնպիսի ուրախությամբ ուղեկցվեց՝ ուղղակի բացատրել հնարավոր չէ: Սրանով մենք ուզեցiնք ցույց տալ, որ չկա նման բան ու մենք չենք հավատում ստահոդ լուրերին», — ասել է Սարուխանյանը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում էլ օրը առանձնապես չի տարբերվել  նախորդներից:

«Երեխաները նորմալ դասի էին եկել, աշխարհի վերջի մասին խոսակցություններ գրեթե չեն եղել», — պատմել է ուսուցիչներից մեկը:

Իրավիճակը բոլորովին այլ է եղել Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում:

«Դեռ երեկվանից ծնողները զանգում, ու զգուշացնում էին, որ երեխաներն այսօր դպրոց չեն գալու: Պատկերացրեք՝ 33 հոգանոց դասարանում այսօր ընդամենը 18 աշակերտ կար: Մնացածը որոշել էին աշխարհի վերջին օրը  տանն անցկացնել», -ասել են դպրոցից:

«Գերմիոնա» կրթահամալիրի սաներից շատերն այսօր պարզապես դպրոց չեն հաճախել և այս առթիվ ծնողները որևէ մեկնաբանություն չեն արել:

«Դասարաններից մեկում ընդամենը 7 աշակերտ կա, որից 5-ն այսօր չէր եկել: Սովորականի պես անցկացրել ենք մեր դասաժամերը ու երեխաները տուն են գնացել: Զարմանալին այն է, որ տվյալ դասարանի 2 աշակերտները բոլորովին տեղյակ չէին «աշխարհի վերջի» մասին լուրերից ու զարմացած հարցնում էին, թե ուր են իրենց մնացած ընկերներն ու փորձում էին պարզել՝ ինչու դասի չեն գնացել», — եզրափակել է ուսուցչուհին: