Home / Հայաստան / Քոչարյանի ասածները «տղայական զրույց» են, այլ ոչ թե քաղաքական պատճառ. կարծիք

Քոչարյանի ասածները «տղայական զրույց» են, այլ ոչ թե քաղաքական պատճառ. կարծիք

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ առաջին օմբուդսմեն, հասարակական գործիչ Լարիսա Ալավերդյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում հնչեցրած հայտարարությունները կարդալուց հետո խորը ափսոսանք է ապրել: Epress.am-ի հետ զրույցում Լարիսա Ալավերդյանն ասել է, թե ափսոսում է, որ այն դրականը, ինչը կա և եղել է Հայաստանի երեք նախագահների մեջ, չիրացվեց, այլ հակառակը, հաղթեց և գերակա դարձան ամբիցիաներն ու զուտ անձնական դրսևորումները՝ սեփական շահերի նեղ շրջանակներից բխող գործողությունները:

«Ափսոսում եմ, որովհետև կուզենայի, որ ցանկացած նախագահ՝ լինի արդար ընտրված, թե չընտրված, իր գործողություններով ապացուցեր, որ ինքը ժողովրդի ղեկավարն է, այլ ոչ թե նեղ խմբակային շրջանակների արտահայտող», – ասել է մեր զրուցակիցը:

Еpress.am-ի հարցին՝ կարելի՞ է Քոչարյանի բառերից ենթադրել, որ իր և Սերժ Սարգսյանի թիմի միջև արծարծվող «հակասությունները» շինծու էին, Ալավերդյանը զարմանքով հարցրել է՝ «Իսկ ի՞նչ է, երբևիցե նրանց միջև եղե՞լ են հակասություններ»:

 «Ես կարծում եմ, որ մենք ոչ թե պետք է ասեկոսեներով ղեկավարվենք, այլ հիմնական այն գաղափարներով, վարքագծով, խոսքը վերաբերում է պետական գործի մեջ վարքագծին, որը չեմ կարծում, որ երբևիցե պետք է կասկածներ առաջացներ, որ իրենք հակասություններ ունեն: Մեկը մյուսին նման են, տարբերությունները կարող են լինել զուտ անձնական: Սերժ Սարգսյանի վարքագծային բնութագիրը կարող է թվալ շատ ավելի մեղմ, ավելի հանդուրժող, ավելի տոլերանտ, քան Քոչարյանինն է, բայց այդ բոլորը դրսևորումների մեջ է, իսկ քաղաքականության մեջ որևէ տարբերություն ես չեմ տեսնում», – ասել է Ալավերդյանը:

Еpress.am-ի դիտարկմանը, թե մյուս նախագահական ընտրություններին «ղարաբաղցի» Սարգսյանը չի կարող առաջադրվել, և արդյո՞ք դա նշանակում է որ էստաֆետը պատրաստվում է վերցնել «ղարաբաղցի» Քոչարյանը, Ալավերդյանը պատասխանել է, թե՝ «որևէ ղարաբաղցի կարող է դա անել»:

«Կարծում եմ՝ Քոչարյանի լեզուն այն լեզուն չէ, որով կարելի է խոսել քաղաքական այնպիսի իրադարձությունների մասին, ինչպիսին են երկրի նախագահի ընտրությունները: Այստեղ շատ ավելի նման է, կներեք, տղայական զրույցի, քան քաղաքական պատճառի: Չգիտեմ էլ՝ ինչ ասեմ. դա մի քիչ էլ անճոռնի կամ վիրավորական արտահայտություն է՝ քաղաքական դաշտում այսպիսի խոսքերով հանդես գալ: Քաղաքական դաշտում որևէ երևույթի մասին խոսելը այդ բառապաշարով հարիր չեմ համարում, այդ հռետորությունը անընդունելի է, մինչև անգամ՝ մերժելի», – նշել է մեր զրուցակիցը:

Ալավերդյանն ընդգծել է, որ պետք է հստակորեն մերժվի այդպիսի բառապաշարը, ինչպիսին հարցազրույցում է:

«Հարցազրույցի մեջ բացակայում է կարևորագույն հանգամանք՝ այս ի՞նչ է արվել երկրորդ նախագահի կողմից, որ այժմ տեղի ունենա իսկական մրցակցություն: Արդյո՞ք 2004 թվականի ապրիլի 13-14-ի գիշերը և Մարտի 1-ը չեն, որ նպաստել են նրան, որ մրցակցության դաշտը ուղղակի ամայացրել են: Այ սա չկա այստեղ, ու այս հիմնարար պատճառների մեջ, որը այստեղ շարադրվում է, անգամ չկա նշույլ առ այն, ինչ է տեղի ունեցել նույն տնտեսական դաշտում և նույն արտագաղթի գործոնի հիմնական զարգացման մեջ երկրորդ նախագահի նախագահության ժամանակ», -ասել է առաջին օմբուդսմենը:

Նա նաև ափսոսանք է հայտնել, որ մինչ այսօր հայաստանցի քաղաքական գործիչները, այդ թվում նաև նախագահները, չգտան իրենց մեջ այդ իմաստությունը, թե կամքը՝ ճանաչելու սեփական ներդրումը այն մթնոլորտի ստեղծման մեջ, որը մենք այսօր ունենք:

«Մեղադրելը կամ մեկնաբանություններով հանդես գալը այսօր կարծես թե այդքան պահանջված չէ, որքան վերաիմաստավորումը այն ճանապարհի, որը մենք անցել ենք այս 20 տարիներին: Ես, ի հարգանս հայ ժողովրդի, չեմ ուզում ասել , որ այս 20 տարիները վատնել ենք: Ժողովուրդը արել է այն  ամենը, ինչ կարողացել է: Խոսքը այն մասին է, թե արդյո՞ք մեր ղեկավարները արել են այն, ինչը պահանջվել է երկրի ու ժողովրդի համար: Ցավոք սրտի, որևէ մեկը դեռ հանդես չի եկել իր սրտից բխող անկեղծ խոսքով», – նշել է Ալավերդյանը:

Նա նաև հույս է հայտնել, որ այս տարվա «չընտրություններով» կավարտվի այդ ոչ այնքան հաջող, եթե ոչ անհաջող քաղաքական փորձի այս փուլը:

«Սա մեզ համար փորձություն է, ու ես համոզված եմ , որ ժողովուրդը և քաղաքացիական հասարակությունը իր մեջ կուտակել են այդ նոր ներուժը ու կանցնեն սեփական երկրում սեփական ապագայի կերտմանը», – եզրափակել է Լարիսա Ալավերդյանը:

Tekali Taxi