Home / Հայաստան / Արդար ընտրություններ հնարավոր են, եթե դրանց չմասնակցի Սերժ Սարգսյանը. նախագահի թեկնածու

Արդար ընտրություններ հնարավոր են, եթե դրանց չմասնակցի Սերժ Սարգսյանը. նախագահի թեկնածու

Իրական նախագահական ընտրություններ ունենալու համար Հայաստանը երկար ճանապարհ պետք է անցնի, առաջնայինը՝ պետք է ստեղծել ազատ, արդար և իսկական ընտրություններ անցկացնելու պայմաններ։ Առանց դրա ընտրողների ձայնը որևէ դեր չի խաղում երկրում հանրության կամքի արտահայտման հիման վրա պետական մարմիններ ձևավորելու համար։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը՝ հավելելով, որ իր մասնակցությունն այս ընտրություններին, առաջին հերթին, նպատակ ունի լուծել վերոնշյալ խնդիրը։

Թեկնածուից փորձել ենք ճշտել՝ ինչ ծրագրային լուծումներ է նա առաջարկում Հայաստանի համար հիմնախնդիր հանդիսացող մի քանի ոլորտներում: Մասնավորապես, այն հարցին, թե նախագահ դառնալուց հետո ինչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը հասնելու համար՝ Ղուկասյանը պատասխանել է. «Իմ դիրքորոշումը ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ ներկայացրել եմ դեռևս դեկտեմբեր ամսին «Պետականության ճգնաժամը Հայաստանում. գործողությունների ծրագիր ՀՀ նախագահի համար» նախագծում։

Որպեսզի ԵԱՀԿ սկզբունքներն ու նորմերը կիրառելի լինեն հակամարտությունը կարգավորելու համար, Ադրբեջանը պետք է չեղյալ հայտարարի իր ազգային իրավական ակտերի այն դրույթները, որոնք հակասում են միջազգային իրավունքին և խախտում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության օրինական իրավունքները: Սա վերաբերում է Ադրբեջանի այն պետական որոշումներին, որոնք ժխտում են Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից իր քաղաքական կարգավիճակն ինքնուրույն որոշելու ԽՍՀՄ օրենսդրությամբ պահպանված իրավունքը»: Թեկնածուն, սակայն, չի մասնրամասնել՝ ինչպես է հասնելու Ադրբեջանի քաղաքականության մեջ փոփոխություններին:

Epress.am-ն Անդրեաս Ղուկասյանին հարցրել է՝ արդյոք հնարավոր համարում է արդար ընտրությունների անցկացումը:

Նման հնարավորությունը նախագահի թեկնածուն չի բացառել միայն այն դեպքում, եթե ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն հրաժարվի ընտրություններին մասնակցելուց: Այդ պարագայում, Ղուկասյանի խոսքով, ընտրության ազատության աստիճանը ՀՀ քաղաքացիների համար կբարձրանա:

«Ազատ ընտրությունները նրանք են, երբ բացակայում է որևէ ազդեցություն ընտրողների կամարտահայտության վրա։ Որպեսզի այս հնարավորությունը հասարակության համար հասանելի դառնա, ես պատրաստ եմ անել հացադուլ։ Գտնում եմ, որ այսօր նման եղանակով հնարավոր է գրավել և՛ մեր, և՛ միջազգային հանրության ուշադրությունը Հայաստանում շինծու ընտրությունների խնդրին։ Մինչև դա տեղի չունենա, որևէ բան մեր քաղաքական կյանքում չի կարող փոխվել»,- ասել է Անդրեաս Ղուկասյանը:

ՀՀ զինված ուժերում հիմնական խնդիրների լուծման տանող առաջին քայլը, ըստ թեկնածուի, պետք է լինի պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը և մշտական գործող պահեստազոր ազգային գվարդիայի ստեղծումը:

«Որպեսզի հնարավոր դառնա փոխել բանակում տիրող բարոյական մթնոլորտը, անհրաժեշտ է, որ Գլխավոր Հրամանատարը անձամբ ժամանի զորամասեր ու հնարավորություն ստեղծի սպաների և զինվորների համար անմիջական շփվելու։ Դա հնարավորություն կտա բանակի մարտունակության բարձրացման նպատակով, անձնակազմի դիտողությունների և առաջարկությունների հիման վրա վերանայել և բարեփոխել բանակի գործունեությունը և ներքին կյանքը կարգավորող զինվորական կանոնադրությունները», – ասել է Անդեաս Ղուկասյանը: Այն հարցին, թե ինչպես է վերաբերում ՀՀ քաղաքացիների՝ ԼՂՀ-ում ծառայելու հարցին, նախագահի թեկնածուն նշել է, որ ԼՂՀ-ի հետ Հայաստանի բոլոր հարաբերությունները պետք է օրինականացնել։

Epress.am-ը ՀՀ նախագահի թեկնածուին հարցրել է նաև՝ ինչ բարեփոխումներ է նա կատարելու Հայաստանում ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների համար, որոնք, ըստ միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպությունների, Հայաստանում պաշտպանված չեն:

«Մարդու իրավունքների խնդրին ես նայում եմ ամբողջական և չեմ տարանջատում որևէ խումբ։ Անհրաժեշտ է անել ամենը, որ մեր հանրությունը ճանաչի մարդու իրավունքները որպես այլընտանք չունեցող սկզբունք։ Այդ խնդիրը պետությունը և հանրությունը կարող են լուծել միայն միասնական ուժերով։ Այսինքն չեմ գտնում, որ ձեր նշված խմբերի իրավունքի հարցը զուտ պետության քաղաքականության խնդիր է։ Հանրությունն ինքը պետք է որոշի նմանատիպ խնդիրներին ինքը ինչպես է վերաբերվում, իսկ պետությունը ամրագրի այդ որոշումը համապատասխան իրավական նորմերով»,- ասել է Ղուկասյանը:

Լուսանկարը՝ Flickr.com

Tekali Taxi