Home / Հայաստան / ԱՄՆ դեսպանը հույս ունի, որ Հայաստանը կբավարարի «Հազարամյակի մարտահրավեր»-ի պահանջները

ԱՄՆ դեսպանը հույս ունի, որ Հայաստանը կբավարարի «Հազարամյակի մարտահրավեր»-ի պահանջները

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը չի բացառել, որ հաջորդ տարի Հայաստանը կարող է ստանալ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով նախատեսվող օգնության փաթեթ, եթե առաջընթաց գրանցի ԱՄՆ-ի համար առաջնային մի շարք ոլորտներում: Այս մասին դեսպանն ասել է «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում:

Հեֆերնը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն գոհ է եղել Հայաստանում առաջին ծրագրի իրականացումից, որով ոռոգման  և ջրամատակարարման համակարգեր են կառուցվել, սակայն երկորդ նման փաթեթ ստանալու համար Հայաստանը չի բավարարել առաջին փուլն անցնելու նախապայմանները:

«Շատ երկրներ են ամեն տարի պայքարում ընգդրկվելու «Հազարամյակի մարտահրավեր»-ի ցուցակում, դրա համար որոշակի առաջընթաց պետք է գրանցեն կրթության, առողջապահության, մարդու իրավունքների և այլ ոլորտներում, ընդհանուր թվով 13 ցուցանիշներով: Հայաստանը չանցավ երկրորդ փուլ: Սակայն մենք աշխատանքներ ենք տանում և ՀՀ Կառավարության, և քաղաքացիական հասարակության հետ, և առաջընթաց նկատում ենք: Հույս ունենք՝ հաջորդ անգամ Հայաստանը նախապայմանները կբավարարի»,- ասել է դեսպան Հեֆերնը:

Հիշեցնենք, որ ծրագիրը Հայաստանում մեկնարկել էր 2006 թվականին` ԱՄՆ Պետդեպի ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը կասեցվել է 2011-ի աշնանը: ԱՄՆ-ն պատճառաբանել էր, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները և հետագա զարգացումները լուրջ հարված են եղել Հայաստանում ժողովրդավարությանը : Ծրագրով ընդհանուր առմամբ ծախսվել է 177 միլիոն:

Tekali Taxi