«Գարեգին Նժդեհ» նախաձեռնությունը բոյկոտում է «Գարեգին Նժդեհ» ֆիլմը
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը բոյկոտում է Գարեգին Նժդեհի մասին ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի ֆիլմը: Այս մասին ասված է Սյունիքի մարզում գործող նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: Նշենք, որ ֆիլմի պրեմիերան դեռ չի կայացել, այն ցուցադրվելու է հունվարի 27-ից:
Նախաձեռնությունն ընդգծում է, որ ֆիլմը ստեղծվել է «այն մարդկանց կողմից, ովքեր իրենց վարքուբարքով ու ծավալած գործունեությամբ ոչ միայն չեն համապատասխանում, այլև տրամագծորեն հակասում են նժդեհյան գաղափարներին»:
«Բավական է հիշել միայն, որ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը ֆինանսավորվել է Թեղուտի անտառը ոչնչացրած «Վալեքս» ընկերության կողմից: Մյուս հովանավորը Սյունիք աշխարհի բնության թիվ մեկ թշնամին է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», - նշում է նախաձեռնությունը:
Հայտարարության հեղինակները նաև պնդում են, որ «անկախ ֆիլմի գեղարվեստական անորակությունից, չի կարելի ծաղրել ազգային հերոսին միայն այն պատճառով, որ նրա կերպարը ժապավենի վրա պղծված է ներկայացվում»՝ նկատի ունենալով համացանցում վերջին օրերին տարածվող մեմերը:
Լուսանկարը՝ Artisto.am-ի