2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Առնո Բաբաջյանյանի որդին չի կարողանում Հայաստանում բացել կոմպոզիտորի թանգարանը

Այս տարի Մոսկվայի շրջանի երաժշտական դպրոցներից մեկն անվանվել է հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի պատվին, ինչպես նաև որոշում է կայացվել, որ դպրոցի տարածքում գործելու է Բաբաջանյանի թանգարանը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում այսօր՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 92-րդ տարեդարձի օրը, տեղեկացրել է կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանը:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Արա Բաբաջանյանը Երևանում հանդես էր եկել մամուլի ասուլիսով և տեղեկացրել, որ ոչ մի կերպ չի ստացվում Հայաստանի մայրաքաղաքում հողատարածք վերցնել և կառուցել Առնո Բաբաջանյանի անվան  թանգարանը:

«Մոսկվայում այդպիսի բան կլինի, և շատ ցավալի է, որ Հայաստանում նման բան չկա: Ցավալի է, որ դեռ ոչ մի բան չի ստացվում: Ես նամակներ եմ գրել, նախագահի հետ եմ հանդիպել, մշակույթի նախարարի հետ եմ խոսել, մենք պատրաստ ենք, բայց խնդիրն այն է, որ մենք ուզում ենք հողատարածքը վերցնենք, կառուցենք, բայց չի ստացվում: Ես ուզում էի նաև ասել, որ Իոսիֆ Դավիդիչը (նկատի ունի երգիչ Իոսիֆ Կոբզոնին - խմբ.) շփոթել էր, երբ վերջերս Երևանում հայտարարել էր, որ Առնո Բաբաջանյանի տունը, որտեղ նա ապրում էր, իբր ես ծախեցի: Երկու տուն ուներ հայրիկս, մեկը՝ Կոմպոզիտորների միությունը միանգամից նրա մահից հետո վերցրեց, իսկ երկրորդում էլ ապրում էր նրա բարեկամը, և 90-ականներին նա այդ տունը վաճառեց: Ու տուն չկա, որտեղ կլիներ նրա թանգարանը»,- ասել է Արա Բաբաջանյանը:

Նա նաև նշել է, որ շարունակելու է աշխատել, որպեսզի հասնի այդ նպատակին:

«Դա իմ սուրբ առաջադրանք է, իմ ուղիղ պարտականությունն է»,- ասել է կոմպոզիտորի որդին:

Նա պատմել է, որ այսօր Մոսկվայում Առնո Բաբաջանյանի ծննդյան օրվան նվիրված «Առնո Բաբաջանյան» հիմնադրամը կազմակերպելու է հանդիպում կոմպոզիտորի ընկերների հետ, ինչպես նաև կլինի փոքրիկ համերգ՝ Մոսկվայի  կամերային նվագախմբի կատարմամբ:

«30 տարի է՝ ինչ Առնո Հարությունիչը մահացել է, և Մոսկվայի սիմֆոնիկ օրկեստրի հետ որոշել ենք նրա հիշատակին նվիրված այս տարի մի քանի համերգներ անցկացնել Մոսկվայում, ինչպես նաև Ռուսաստանի այլ շրջաններում: Համերգներից մեկը պետք է կայանա Չայկովսկու անվան համերգային դահլիճում: Համերգները կլինեն աշնանը»,- ասել է Արա Բաբաջանյանը:

Լուսանկարը՝ cmf.am-ի