Home / Հայաստան / ԱԱԾ-ն պետք է զբաղվի բանակի խնդիրներով, իսկ «Կիկոսին կթաղենք, երբ մահանա». նախագահի թեկնածու

ԱԱԾ-ն պետք է զբաղվի բանակի խնդիրներով, իսկ «Կիկոսին կթաղենք, երբ մահանա». նախագահի թեկնածու

Նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը մտադիր է Արցախին վերադարձնել Լեռնային Ղարաբաղի հարցում բանակցությունների կողմի կարգավիճակը՝ երկրի ինքնորոշմանը հասնելու համար: Այս մասին Հայրիկյանն ասել է՝ պատասխանելով իր նախընտրական ծրագրերի մասին Epress.am-ի հարցերին:

Ինչ վերաբերում է բանակի խնդիրներին, ապա, ըստ մեր զրուցակցի, բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների դեպքերը, մահերը և այլ բացասական երևույթները նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է Ազգային անվտանգության ծառայության միջամտությունը, որը ավելի կարևոր գործ չունի և ի զորու է զսպել ու մեկուսացնել բացասական հակումները, կարգ ու կանոն հաստատել բոլոր զորամասերում:

Հայաստանում ԼԳԲՏ համայնքի և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության իր ծրագրի մասին հարցին  Հայրիկյանը պատասխանել է. «Եթե երկիրը բռնապետական չէ, այսինքն՝ օրենքներով չեն ամրագրված մարդու իրավունքների ոտնահարումները, ամեն խնդիր պետք է առանձին ուշադրության ու քննության արժանանա»։

Ընտրությունների կեղծման հեռանկարի և այդ դեպքում իր անելիքների մասին Հայրիկյանը նախընտրել է առայժմ լռել, քանի որ կյանքում ոչ միայն վատ բաներ են հնարավոր. «Կիկոսին կթաղենք, երբ նա լինի և իսկապես մահանա»։

«Իսկ անարդարությունների դեմ պետք է աշխատել բոլոր հնարավոր միջոցներով։ 2008 թվականի ընտրություններն ատելության ընտրություն էր. քվեներով ճշտվում էր, թե ում են ավելի քիչ ատում։ Այդ տեսանկյունից Լևոն Տեր-Պետրոսյանը շահեկան վիճակում չէր։ Մյուս կողմից՝ Մարտի 1-ի գլխավոր սադրողից արդար ընտրություններ սպասելը, իմ կարծիքով, տեղին չէ»,- ասել է Հայրիկյանը:

Tekali Taxi