Գլխավոր / Հայաստան / ՀԱԿ-ը ցանկանում է բանակին վերադարձնել իր միակ գործառույթը

ՀԱԿ-ը ցանկանում է բանակին վերադարձնել իր միակ գործառույթը

Հայ Ազգային Կոնգրեսը Հայաստանի բանակի ստեղծման 21-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է զինծառայողներին, սպաներին, ազատամարտիկներին, բոլոր նրանց, ովքեր առնչվել են բանակի ստեղծմանը կայացմանն և գործունեությանը։ Միաժամանակ Կոնգրեսը տարածած հայտարարության մեջ իր տեսակետն է հայտնել բանակի հետ կապված խնդիրների առնչությամբ:

«Ի սկզբանե օրենքներով խստորեն զատորոշված, ապա նաև սահմանադրորեն ամրագրված էր բանակի՝ որպես միմիայն երկրի արտաքին անվտանգությունն ապահովող կառույցի գործառույթը։ Ցավոք ներկա վարչախումբը 1998 թվականից ի վեր բանակը դարձրեց նաև ներքաղաքական խնդիրներ լուծելու միջոց, որի «բարձրակետը» դարձավ 2008թ., երբ բանակն անմիջականորեն գործադրվեց խաղաղ ցուցարարների դեմ որպես բռնության գործիք։ Դրա հետևանքը եղավ 10 մարդկային զոհ և հարյուրավոր վիրավորներ։ Սակայն դրա ավելի ծանր հետևանքը դարձավ սեփական ժողովրդի վրա կրակած և պետական հեղաշրջում իրականացրած բանակի բարոյահոգեբանական անկումը։ Դրանից հետո բանակում հաճախացած ցավալի սպանությունները, առավել ևս ինքնասպանություններն այդ անկման հետեւանքներն ու ապացույցներն են միաժամանակ։ Այլ ընթացք ու ճակատագիր չի կարող ունենալ բանակը ոչ օրինակարգ, բնույթով ավազակապետական իշխանության պայմաններում», — նշում են հայտարարության հեղինակները։

Հայ Ազգային Կոնգրեսն ընդգծում է, որ ամեն ինչ արել և անելու է, որպեսզի «երկրում վերականգնվի սահմանադրական կարգը, բանակը վերադառնա իր միակ՝ ՀՀ պետական սահմաններն արտաքին թշնամուց պաշտպանելու գործառույթին և նրան ուղղված շնորհավորանքները լինեն անվերապահ և միայն տոնական»։