Home / Հայաստան / Որն է թեկնածուի համար «անհաղթահարելի խոչընդոտը». Ղուկասյանը ՍԴ-ի չի դիմելու

Որն է թեկնածուի համար «անհաղթահարելի խոչընդոտը». Ղուկասյանը ՍԴ-ի չի դիմելու

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն արդեն մեկ շաբաթ է՝ սկսել է իր անժամկետ հացադուլը և առայժմ չի պատրաստվում այն դադարեցնել: Եթե հացադուլը շարունակվի մինչև նախագահական ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ը, Ղուկասյանը կարող է ի վիճակի չլինել մասնակցել դրանց:

ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրապետության նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում՝ ընտրությունները պետք է հետաձգվեն երկշաբաթյա ժամկետով, իսկ անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում՝ պետք է նոր ընտրություն նշանակվի՝ նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը:

Epress.am-ը փորձել է ճշտել իրավաբաններից, թե ինչ կարելի է հասկանալ «անհաղթահարելի խոչընդոտ» եզրի տակ:

Փաստաբան Սեդա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասել է, որ եզրը բավական լայն իմաստ ունի և հաջող պրակտիկ բացատրություն չի ստացել:

«Դա ենթադրում է այնպիսի իրավիճակ, երբ օբյեկտիվ պատճառներով թեկնածուն ի վիճակի չի եղել դուրս գալ դժվարություններից, օրինակ, երբ հիվանդություն է ձեռք բերել և, նույնիսկ բուժօգնություն ստանալով, չի կարողացել այն հաղթահարել»,- ասել է Սաֆարյանը:

Իրավաբան Երվանդ Վարոսյանը նույնպես ասել է, որ «անհաղթահարելի խոչընդոտ» կարող է համարվել թեկնածուներից մեկի առողջական ծանր վիճակը կամ մահը:

Սահմանադրության նույն հոդվածի համաձայն՝ մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում ևս նշանակվում են նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո քառասուներորդ օրը։

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը նկատել է, որ «անհաղթահարելի խոչընդոտ» եզրը իրավական սահմանում չունի, ուստի այն կարող է շահարկումների տեղիք տալ:

Նրա խոսքով՝ կոնկրետ դեպքում հանգամանքները «անհաղթահարելի խոչընդոտ» որակելու միջնորդությամբ կամ այդ խոչընդոտները վերացնելու պահանջով կողմը  կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է դիմի Սահմանադրական դատարան:

Անդրիաս Ղուկասյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ մտադիր չէ դիմել Սահմանադրական դատարան՝ հացադուլի հետևանքով հնարավոր առողջական խնդիրներն ընտրություններին մասնակցելու «անհաղթահարելի խոչընդոտ» համարելու համար:

Tekali Taxi