Home / Հայաստան / Նախագահականի դիմաց բողոքող ընտանիքի գործում սխալներ կան, փաստել են դատախազությունում

Նախագահականի դիմաց բողոքող ընտանիքի գործում սխալներ կան, փաստել են դատախազությունում

Աշոտ Խուդոյանը, ով երեկ իր հղի կնոջ ու 3 երեխաների հետ միասին նստացույց էր անցկացնում նախագահական նստավայրի մոտ, այսօր իր բողոքը ներկայացրել է Էջմիածնի ոստիկանություն և դատախազություն: Խուդոյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ դատախազության աշխատակիցները, ծանոթանալով փաստաթղթերին, համաձայնել են, որ ընտանիքի դեմ հարուցված գործում կան սխալներ և բազում ապացույցներ, որ դրանք նախորդ քննության մեջ չեն ուսումնասիրվել, ուստի գործը պետք է վերանայվի:

«Նրանք ասեցին, որ ակնհայտ երևում է, որ  դատախազության արձանագրություններն իմ բերած փաստերի հետ չեն համընկնում: Ես իրենց ցույց տվեցի այն նամակը, որը նաև նախագահական էինք ներկայացրել: Սակայն դատախազության աշխատակիցը շատ մարդկային տոնով ասեց, որ որևէ բան խոստանալ չի կարող, մինչև գործը նոր քննություն չանցնի»,- ասել է Խուդոյանը:

էջմիածինցի ընտանիքը պահանջում է իրենց վերադարձնել պապու կողմից կտակված տունը: Քանի որ տունը ստանալու հավակնություններ ունեն այլ ազգականներ ևս, ովքեր իրենց փաստարկներն են ներկայացրել դատարանում դեռևս 2008 թվականին անցկացված քննության ժամանակ, ընտանիքը, հնարավոր է, ստիպված լինի լքել տունը:

Հիշեցնենք, որ կտակի գործը նորից քննելու պահանջով Խուդոյանները նստացույց էին անում նախագահական նստավայրի մոտ, որտեղ ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը, ոստիկանները, այդ թվում նաև Էջմիածնից եկած,  համոզել են ընտանիքին դադարեցնել անժամկետ նստացույցը, վերադառնալ Էջմիածին ու դիմել ոստիկանություն:

Tekali Taxi