Home / Հայաստան / Նախարարը սպառնում է ազատե՞լ աշխատանքից թերթիկներ չլրացնելու դեպքում. խոսնակը հերքում է

Նախարարը սպառնում է ազատե՞լ աշխատանքից թերթիկներ չլրացնելու դեպքում. խոսնակը հերքում է

Օրեր առաջ ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից նախարարության աշխատակիցներին բաժանվել է երկու թերթիկ, որոնցից մեկը լրացված էր, մյուսը իրենից ներկայացնում էր դատարկ աղյուսակ: Այս մասին ասված է Epress.am-ի էլենտրոնային հասցեին եկած նամակում, որի հեղինակը նշում է, որ հասկանալի պատճառներով այն ուղարկում է ոչ իր անձնական էլեկտրոնային հասցեից:

Ըստ նամակի հեղինակի՝ լրացված աղյուսակը ցույց էր տալիս, թե ինչպես պետք է լրացվի դատարկ աղյուսակը:

«Ըստ այդմ, մենք դատարկ աղյուսակով թերթիկում պետք է լրացնենք մեր հարազատների և ընտանիքի անդամների անուն-ազգանուններն ու այլ տվյալներ: Իսկ պատճառը առաջիկա նախագահական ընտրություններն են: Այլ կերպ ասած, ցանկանում են թղթի վրա ունենալ այն մարդկանց տվյալները, որոնք պարտադրված քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին:

ՀՀ Արադարադատության նախարար Հրայր Թովմասյանը նաև կարգադրել է մեզ փոխանցել, որ այդ թերթիկը չլրացնելու դեպքում մեզ ազատելու են աշխատանքից:

Խնդրում ենք բարձրաձայնել այս խայտառակ փաստը և հասցնել այն հանրության ուշադրությանը», – ասված է նամակում:

Նամակին կցված են թերթիկների պատճենները:

Epress.am-ի հետ զրույցում Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը պարզաբանել է, որ ինքը տեղյակ է բաց նամակին: Խոսնակի պնդմամբ՝ ոչ նախարար Հրայր Թովմասյանը, ոչ էլ նախարարության որևէ պաշտոնյա «նման անտրամաբանական, անիմաստ նախաձեռնությամբ հանդես չեն եկել ու որևէ հանձնարարություն որևէ մեկի չեն տվել»:

«Չնայած անանուն նամակներին պատասխանելը ճիշտ չէ, բայց սա այդ դեպքը չէ, ու կասեմ, որ նախարարն ընդհակառակը միշտ պայքարել է և դատապարտել է ցանկացած կեղծիք: Կարծում եմ, որ սրա հեղինակի նպատակն է եղել վարկաբեկել նախարարին և ընդհանրապես ընտրական ողջ գործընթացը», – ասել է Քալանթարյանը:

Tekali Taxi