Գլխավոր / Հայաստան / «No comment». Երևանում ԵԱՀԿ-ի դիտորդներին կոչ են արել չլեգիտիմացնել վարչախումբը (ՖՈՏՈ)

«No comment». Երևանում ԵԱՀԿ-ի դիտորդներին կոչ են արել չլեգիտիմացնել վարչախումբը (ՖՈՏՈ)

Այսօր Երևանում՝ Բաղրամյան պողոտայում գտնվող ԵԱՀԿ պատվիրակության նստավայրի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով 2013 թվականի նախագահական ընտրություններին առաքելությամբ եկած միջազգային դիտորդներին հեռանալ Հայաստանից:

Քաղաքացիները շենքի դիմաց տեղադրել են «Սա մեր երկիրն է, մի սատարեք կեղծարարներին, հեռացե՛ք» գրությամբ պաստառ:

«Ընտրությունները մեկ քայլ առաջ որակելով՝ միջազգային դիտորդները լեգիտիմացնում են վարչախմբին՝ հնարավորություն տալով նրանց ուժ կիառել ժողովրդի հանդեպ», — Epress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի նախաձեռնողներից Անի Կաղինյանը:

Նա հիշեցրել է, որ նախագահի թեկնածու Անդիաս Ղուկասյանը արդեն 10 օր հացադուլ է անում, սակայն ոչ մի միջազգային դիտորդ դրան ուշադրություն չի դարձել և ոչ մի անգամ չի այցելել Ղուկասյանին: Սա, ըստ Կաղինյանի, ևս մեկ ապացույց է, որ դիտորդները կաշառված են:

Ակցիայի մասնակից Վահագն Մինասյանը հիշեցրել է 2008 թվականի նախագահական ընտրությունները՝ կարծիք հայտնելով, որ մարտի 1-ի պատասխանատվությունը որոշ չափով նաև դիտորդներն են կրում:

Ակցիայի ընթացքում ԵԱՀԿ-ի շենքից մի աշխատակից է դուրս եկել՝ նկարահանելու հավաքվածներին: Epress.am-ի թղթակիցը խնդրել է նրան միջազգային կառույցի  կարիծքը հայտնել դիտորդների անաչառությունը կասկածի տակ դնող ՀՀ քաղաքացիների նախաձեռնության մասին: Սակայն երիտասարդը այդ պահին դադարել է նկարահանել և, «no comment» ասելով, վերադարձել է շենք:

Ակցիայի մասնակիցներն ասել են, որ իրենք քայլերի հերթակայություն ունեն և միջազգային կազմակերպության անտարբերությունն իրենց պահանջի հանդեպ պատճառ չի դառնա, որպեսզի նրանց գործողությունները դադարեցվեն:

Հիշեցնենք, որ նույն մարդիկ օրերս ընտրակեղծիքների դեմ ակցիա էին անցկացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց: Նրանք նշել են, որ իրենց երրորդ ակցիան ավելի մեծ մասշտաբ կունենա: