2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Բաքվում պաշարել են գրողի տունը. նա պատասխանել է. «Կարող ենք ապրել հայերի հետ»

Երեկ Բաքվում բողոքի ակցիա են կազմակերպել ժողովրդական գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպի դեմ, որը նվիրված է Ադրբեջանում ապրած հայերին: Ակցիան կազմակերպել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության երիտթևը: Երիտասարդները գրողի տան մոտ էին եկել «Ինչու է հայերի հետ ընկերություն անում», «Հայ Աքրամ, հեռացիր երկրից», ««Քարե երազները» զրպարտանք է» գրություններով պաստառներով: Ոստիկանությունը ակցիայի ընթացքը չի խոչընդոտել:

Այլիսլիի դեմ արշավին միացել է նաև «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը», որը նրան մեղադրել է «հայերին օժանդակելու» մեջ և կոչ է արել վտարել գրողին երկրից: Նրանք «Քարե երզաներ» վեպը ադրբեջանցիների դեմ սադրանք են անվանել և պնդել, որ վեպը «հայկական քարոզչամեքենայի պատվերն է»:

«Վեպում ադրբեջանցիներն ու թուրքերը մեղադրվում են իբր թե անմեղ հայերի ոչնչացման, վայրագությունների մեջ, ադրբեջանցիներին վերագրվում են հայերի կատարած ոճրագործությունները, ինչպես նաև անհիմն մեղադրանքներ են ուղղվում Իսլամի ու Մուհամեդ մարգարեի հասցեին: Փաստորեն, կատարվածի մեջ նա մեղադրում է իսլամը, իսկ իր դիրքորոշումը նա ներկայացնում է նրանով, որ վեպի հերոսը ուրանում է իսլամը և հանգրվան է գտնում քրիստոնեության մեջ», - ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Ի պատասխան իր հասցեին հնչող քննադատությանը, գրողը հայտարարել է, որ իր վեպում Ադրբեջանի հասցեին որևէ վիրավորական բան չկա:

«Հակառակը՝ ես արտացոլել եմ ադրբեջանցիների վեհությունը: Ես ասել եմ, ապագայում մենք կարող ենք ապրել հայերի հետ, եկեք չայրենք կամուրջները: Սա քաղաքականություն չէ, ինձ համար այս քաղաքականացումն անհասկանալի է», - ասել է Այլիսլին:

Հիշեցնենք, որ վեպը նվիրված է Ադրբեջանում ապրած հայերին, իսկ նախաբանում ասված է. «Նվիրվում է իմ հայրենակիցների հիշատակին, ովքեր իրենցից հետո թողել են չսգացած ցավ»: «Քարե երազներում» զուգահեռներ են տարվում 1919թ. Ագուլիսում հայերի ոչնչացման և Սումգայիթում ու Բաքվում հայերի ջարդերի միջև:

«Ցավում եմ, որ Աքրամ Այլիսլին նման ստեղծագործություն է գրել ու այն հրապարակել ռուսերեն: Ինչի՞ համար է դա գրել: Հայ ֆաշիստներին սատարելու համա՞ր, որոնք չեն հերքում Խոջալուի ողբերգությունը և որոնք երեխաներին կենդանի փակում էին գազի խողովակներում և ավելի քան 250 հազ. ադրբեջանցի են քշել այդտեղից: Ի՞նչ է ուզում ասել ադրբեջանցի գրողը՝ նման վեպ հրատարակելով այն ժամանակ, երբ մենք միջազգային հանրությանն ենք փորձում հասցնել այս ամենը և հայերի հետ գաղափարական պատերազմ ենք տանում: Ցանկանում է Փամուկի պես Նոբելյան մրցանա՞կ ստանալ: Ուզում է ինչ-որ մեկին դո՞ւր գալ՝ խեղաթյուրելով սեփական ժողովրդի պատմությունը», – ասել էր «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Մուբարիզ Ղուրբանլին: