«Ուզում էի հայերին «մեսիջ» հղել». ադրբեջանցի գրողին Երևան են «ուղարկում»
Ադրբեջանի ղեկավարության և «հանրության» ներկայացուցիչները շարունակում են հետապնդել երկրի ժողովրդական գրող Աքրամ Այլիսլիին, ում մեղադրում են հայերի նկատմամբ չափազանց մեծ համակրանք ունենալու մեջ:
Պատգամավորները առաջարկում են գրողին զրկել քաղաքացիությունից, իսկ «հանրությունը» կազմակերպում է նրա «Քարե երազներ» գրքի «հուղարկավորությունը»:
Փետրվարի 1-ին «Յենի Ադրբեջան» իշխող կուսակցության երիտթևի ներկայացուցիչները Բաքվի փողոցներով տարել են Այլիսլիի գրքերով դագաղը: Երիտասարդները վանկարում էին «Աքրամ Այլիսլին հայ է» և կոչ էին անում գրողին լքել երկիրը:
Ադրբեջանի խորհրդարանում այսօր կայացել է Այլիսլիի գրքի բուռն քննարկումը: Գրողին մեղադրել են դավաճանության մեջ: Պատգամավոր Ալի Ահմեդովը առաջարկել է զրկել Այլիսլիին «ժողովրդական գրող» կոչումից և պետական պարգևներից:
Պատգամավոր Նիզամի Ջաֆարովը առաջարկել է Այլիսլիին զրկել քաղաքացիությունից. «Թող Երևան գնա, և ինչ-որ եկեղեցում սպասավոր լինի»:
Ինքը՝ աղմկահարույց գրքի հեղինակը, «Ազադլիգ» ռադիոկայանի հետ զրույցում անհիմն է անվանել իր վրա հարձակումներն ու մեղադրանքները: Նշենք, որ «Քարե երազաները» գրքում խոսվում է հայերի նկատմամբ Ադրբեջանում բացասական վերաբերմունքի մասին ղարաբաղյան հակամարտության ժամանակ և ավելի վաղ շրջանում:
«Բանն այն է, որ մեզ մոտ դեռևս չեն կարողանում ընկալել գրական ստեղծագործությունը որպես այդպիսին, և վեպին քաղաքական մեղադրանքներ են առաջադրում: Վեպը գրական ստեղծագործություն է և քաղաքակիրթ ժողովդրին հարիր չէ հանցագործություն փնտրել գեղարվեստական գործում», - ասել է Այլիսլին:
Նա չի բացառել իր կամ իր ընտանիքի անդամների նկատմամբ բռնության գործադրումը:
«Եթե դա տեղի ունենա, ապա ամբողջ մեղքը իշխանության վրա կլինի», - ասել է նա:
Խոսելով վեպի մասին՝ ադրբեջանցի գրողը նշել է, որ ինքը ցանկանում էր հայերին, հատկապես Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց «մեսիջ» հղել առ այն, որ ադրբեջանցի ժողովուրդը նույնպես տեսնում է իր սխալները:
«Ժամանակը մեզ լիովին չի բաժանել, եկեք միասին նայենք համատեղ կյանքի տեսլականի վրա: Վեպի իմաստը հենց դրանում է», - հայտարարել է Այլիսլին: