Գլխավոր / Հայաստան / ԲՀԿ-ական պատգամավորը Սերժ Սարգսյանին ընտրելու է, բայց չի սատարելու

ԲՀԿ-ական պատգամավորը Սերժ Սարգսյանին ընտրելու է, բայց չի սատարելու

ՀՀ ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը փետրվարի 18-ին ընտրելու է Սերժ Սարգսյանին, բայց չի սատարելու նրան: Մեկնաբանելով երեկ տարածված լուրը, թե, իբր, ինքը հայտարարել է Սերժ Սարգսյանին սատարելու մասին, Գրիգորյանն ասել է, որ չգիտի, թե ինչ է առիթ դարձել նման լուրերի տարածման համար:

«Թե ովքեր են [տարածել]  և ինչով է պայմանավորված նմանատիպ հայտարարությունների ընդհանրացումը, չեմ կարող ասել», — ասել է ԲՀԿ-ական պատգամավորը:

Նրա խոսքով՝ խնդիրը, գուցե, լրագրողների մեջ է, որոնք «մարդուց հարցազրույց վերցնում են, մարդը ասում է մի բան, և այդ հարցազրույցի մեջ մի բան վերցնում են, դարձնում են վերնագիր ու հետո դարձնում են՝ Մարտուն Գրիգորյանը սատարելու է այս թեկնածուին կամ այն թեկնածուին»:

«Իրականում խոսքը գնացել է ընտրություններին սատարել-չստարելու մասին, ես ասել եմ, որ ես՝ որպես ԲՀԿ անդամ, իմ կուսակցության որոշմանը հավատարիմ եմ մնալու, իմ կուսակցությունը թեկնածու չի առաջադրել և հայտարարել է, որ ոչ մի թեկնածուի չի սատարելու: Ես,  բնականաբար, որպես բարգավաճական, հետևելու եմ իմ կուսակցության հայտարարությանը, այդքան բան: Սերժ Սարգսյանի անունը շրջանառության մեջ մտել է կոնկրետ ընտրությունների կտրվածքով: Լրագրողների հարցին ի պատասխան, թե եղած թեկնածուների մեջ ո՞ւմ եք ընտրելու և ինչո՞ւ, ես ասել եմ, որ ես անձամբ որպես քաղաքացի կարող եմ բարձրաձայնել, որ ընտրելու եմ Սերժ Սարգսյանին», — ասել է Մարտուն Գրիգորյանը: