Գլխավոր / Հայաստան / Խտրականություն անհատ տաքսիստների նկատմամբ. նրանք բողոքում էին Նախագահականի դիմաց

Խտրականություն անհատ տաքսիստների նկատմամբ. նրանք բողոքում էին Նախագահականի դիմաց

Այսօր մի խումբ տաքսիստներ բողոքի ակցիա էին անցկացնում նախագահական նստավայրի դիմաց: Նրանց բողոքը կապված է նրա հետ, որ հունվարի 20-ից սկսած՝ ամեն օր 2-3  տուգանքի կտրոն են ստացել՝ ավտոմեքենան սխալ տեղ կայանելու համար: Վարորդները, որոնցից յուրաքանյուրը մի քանի տասնյակ նամակ ուներ ձեռքին, պնդում են, որ իրենք Գայի պողոտայի նշված հատվածում կայանում են երկար տարիներ, ուղղակի 2012 թվականի դեկտեմբերի 24-ից Գայի պողոտան սկսել է նկարահանվել տեսախցիկներով:

Տաքսիստները պնդում էին, որ օրենքը միայն իրենց նկատմամբ է կիառվում, իսկ քաղաքային տրանսպորտը շարունակում է կանգառներ անել նույն հատվածում և չի տուգանվում: Տաքսիստ Սամվել Խաչատրյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք արդեն դիմել էին դատախազություն, սակայն դիմումը մերժվել է:

«Մեր նկատմամբ խտրական վերաբերմունք է կիառվում, քանի որ մենք անհատ տաքսիստներ ենք, որևէ մեկի սերվիսում չենք աշխատում կամ որևէ մեկի գծի վարորդ չենք»,-ասել է Խաչատրյանը:

Այսօր տաքսիստներին ընդունել է ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը: Խաչատրյանի խոսքով՝ իրենք Աիդա Ասատրյանին հանձնել են 20 տաքսիստների կողմից ստորագրված դիմումը, դատախազության մերժման պատճենը:

Բողոքի ակցիայի մասնակիցները նաև նշում էին, որ պատրաստ են այլ տեղերում կայանել, եթե նրանց նման տեղեր տրամադրեն: