2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Ադրբեջանցի գրողի վեպը թարգմանում են հայերեն, բայց թույլտվություն դեռ չեն ստացել

Գրող, «Նորք» ամսագրի խմբագիր Ռուբեն Հովսեփյանը պատվիրել է թարգմանել Ադրբեջանում հարձակումների ենթարկվող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը:

Epress.am-ի հետ զրույցում Ռուբեն Հովսեփյանն ասել է, որ թարգմանչական աշխատանքներն արդեն սկսվել են, և, հավանաբար, վեպը լույս կտեսնի «Նորք» ամսագրի մարտ ամսվա համարում:

Հիշեցնենք, որ Աքրամ Այլիսլին արգելել էր վեպը հայերեն կամ ադրբեջաներեն թարգմանել: Ռուբեն Հովսեփյանի խոսքով՝ իրենք դեռ պետք է կապ հաստատեն հեղինակի հետ՝ հրատարակման թույլտվություն ստանալու համար:

«Այս գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում, քանի որ առաջին անգամ է, որ ադրբեջանցի գրողը ռեալիստական նկարագրություն է տալիս պատերազմին նախորդած ժամանակահատվածում Ադրբեջանում ստեղծված իրավիճակին»,- ասել է Հովսեփյանը:

«Նորք»-ի խմբագիրն Այլիսլիի վեպը դեռ չի կարդացել, սակայն իր մտերիմների ու առհասարակ գրականագիտական գնահատականներից հասկացել է, որ գիրքը իրականությունն է պատմում, ուստի լավ կլինի, որ այն հասանելի լինի նաև հայ ընթերցողին:

Հարցին, թե արդյոք հայ մտավորականները քաջություն կունենա՞ն գրել հակամարտության ընթացքում հայկական կողմի պահվածքի մասին, Հովսեփյանը նախ պատասխանել է, որ չի համարում «Քարե երազները» հայամետ, ոչ օբյեկտիվ գիրք, այնուհետև նշել, որ, թեև պատերազմի ընթացքում սպանություններ կատարել են նաև հայերը, բայց, քանի որ պատերազմը սկսել է ադրբեջանական կողմը, կարիք չկա, որպեսզի նման գիրք գրվի նաև Հայաստանում:

Հիշեցնենք, որ Աքրամ Այլիսլին հետապնդումների է ենթարկվում   Ադրբեջանում «Քարե երազներ» գրքի հրատարակումից հետո, որը նվիրված է գրողի հայ-ընկերներին:

Գրքում խոսվում է հայերի նկատմամբ Ադրբեջանում բացասական վերաբերմունքի մասին ղարաբաղյան հակամարտության ժամանակ և ավելի վաղ շրջանում:

«Բանն այն է, որ մեզ մոտ դեռևս չեն կարողանում ընկալել գրական ստեղծագործությունը որպես այդպիսին, և վեպին քաղաքական մեղադրանքներ են առաջադրում: Վեպը գրական ստեղծագործություն է, և քաղաքակիրթ ժողովդրին հարիր չէ հանցագործություն փնտրել գեղարվեստական գործում», – ավելի վաղ ասել էր Այլիսլին:

Գրողը նշել է, որ ինքը ցանկանում էր հայերին, հատկապես Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց «մեսիջ» հղել առ այն, որ ադրբեջանցի ժողովուրդը նույնպես տեսնում է իր սխալները:

«Ժամանակը մեզ լիովին չի բաժանել, եկեք միասին նայենք դեպի համատեղ կյանքի տեսլականը: Վեպի իմաստը հենց դրանում է», – հայտարարել էր Այլիսլին: