2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Միջադեպ Արտաշատում. «Ժառանգության» ակտիվիստին հրավիրել են ցուցմունք տալու

Այսօր ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող, ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Արտաշատում կայացած հանդիպման ժամանակ միջադեպ է գրանցվել:

Ինչպես Արմավիրում, Մեծամորում, Մասիսում, Էջմիածնում, այնպես էլ Արտաշատում հանրահավաքների մասնակիցներին տեսանկարահանում էին քաղաքացիական հագուստով մարդիկ:

Արտաշատում քաղաքացիական հագուստով նկարահանողներին, իրենց հերթին, սկսել են տեսանկարահանել լրագրողները, ինչին ի պատասխան այդ մարդկանցից մեկը՝  մոտ 25 տարեկան երիտասարդ, սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել լրագրողների հասցեին:

«Ժառանգության» ակտիվիստ Դավիթ Սանասարյանը հայհոյողից պահանջել է ներկայանալ, սակայն վերջինս հայհոյել է նաև Սանասարյանին: Սկսվել է լեզվակռիվ, և միջադեպի վայրին մոտեցել է «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը, ում հաջողվել է հանդարտեցնել վիճողներին: Հայհոյող տղամարդը փորձել է հեռանալ, սակայն Բախշյանը շրջել է նրա հետևից՝ պահանջելով ներկայանալ: Տղամարդը սկզբունքորեն հրաժարվել է դա անել:

Քիչ անց հանդիպման վայր ժամանած Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցել է տղամարդուն, բարևել է նրան և ասել. «Ես Րաֆֆի Հովհաննիսյանն եմ»: Նա խնդրել է ներկայանալ, սակայն տղամարդը կրկին հրաժարվել է՝ ասելով, որ իր աշխատանքն է կատարում:

Ի պատասխան՝ Հովհաննիսյանը նրան հորդորել է աշխատանքը կատարել ոստիկանական համազգեստով և ոչ թե քաղաքացիական հագուստով:

Իր ելույթում անդրադառնալով գրանցված միջադեպին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունել է ԱԱԾ-ի աշխատողներին, ովքեր, նրա խոսքով, ավելի շատ են նկարահանում իր հանրահավաքները, քան լրագրողները: Նայելովոստիկանության «02» հաղորդաշարի տեսախցիկով նկարահանողին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռքով ողջունել է նրան, սակայն նշել, որ իրականում ԱԱԾ-ի ներկայացուցիչների գործը Հայաստանի սահմանին է, այլ ոչ թե հավաքներին:

Հանրահավաքից հետո Հովհաննիսյանին են մոտեցել ոստիկանները և հայտնել, որ ցուցմունք տալու պետք է ոստիկանություն հրավիրեն Դավիթ Սանասարյանին:

«Ժառանգության» առաջնորդը խնդրել է, որ թույլ տան ցուցմունք տալ հենց հրապարակում՝ բոլորի ներկայությամբ: Սանասարյանը պնդել է, որ ոստիկանին չի հարվածել, պարզապես չէր կարող թույլ տալ, որպեսզի իրեն հայհոյեն, և պատասխան է տվել:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ իրենք դեռ պետք է հավաքներ անցկացնեն այլ մարզերում, և խնդրել է այսօր պարզապես սանկցիա կիրառել, իսկ վաղը իրենց միասին ներկայանալու են ոստիկանություն: Ոստիկանները համաձայնել են: