«Մարտի 1 էլ չի լինելու». Վարդան Պետրոսյանը՝ Ազատության հրապարակում
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին ելույթ է ունեցել Ֆրանիսայից ժամանած դերասան Վարդան Պետրոսյանը:
«Ես քաղաքական գործիչ չեմ, վերլուծաբան չեմ: Քաղաքական վերլուծությունները պետք է թողնել մասնագետներին: Ամենասարսափելին այն է, երբ արվեստի գործիչը սկսում է քաղաքականությամբ զբաղվել և հակառակը: Դա իմ գործը չէ: Սակայն ուզում եմ սրտի խոսքն ուղղել ձեզ», - դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ասել է Վարդան Պետրոսյանը:
Նա խոստովանել է, որ չէր հավատում, որ Հայաստանում նման շարժում կստեղծվի:
«Կարծում էի՝ ժողովուրդն անտարբեր է, հուսահատ է, վախեցած է և չի մասնակցելու ընտրություններին: Ես ինձ մխիթարում էի այն մտքով, որ հայկական ձմեռը իր պասիվությամբ ավելի լավ է, քան արաբական գարունը, որը փորձանքներ բերեց ժողողրդի գլխին՝ հանուն իրենց երջանկության: Բայց տեղի ունեցավ անսպասելի բան: Մեր ժողովուրդը նորից ոտքի կանգնեց, նորից, գուցե, բնազդաբար, ենթագիտակցաբար հայացք նետեց դեպի իր պատմական անցյալը, դեպի հայ արմատը: Վախի մթնոլորտում, սպառնալիքների, ապատիայի մթնոլորտում լուռ, անաղմուկ գնաց և իր խղճի ձայնը տվեց նրան, ում ուզում էր: Տեղի ունեցավ ամենամեծ հաղթանակը», - ասել է դերասանը:
Նրա խոսքով՝ սա է իսկական հաղթանակի սկիզբը, որովհետև այն տեղի է ունեցել մարդու ներսում, գլխում, սրտի մեջ:
«Տեղի է ունեցել հաղթանակ մեր ներսում, մեր գլխում, մենք արժանապատիվ կերպով տարել ենք այդ հաղթաակը», - ասել է Վարդան Պետրոսյանը:
Նա նշել է, որ այս հաղթանակը զարմացրել է բոլորին՝ «և մեզ, ով տարել է հաղթանակը, և իշխանություններին, որոնք ինքնավստահ էին, և դրսում ապրող հայերին»:
Դերասանն ասել է, որ իրեն հաճախ հարցնում են՝ ինչ պիտի արվի հետո, որն է երկրորդ քայլը:
«Սա բացառիկ իրավիճակ է՝ լուրջ, խորքային փոփոխություններ անելու, և դրա սկիզբը դրեցիք դուք՝ այս անսպասելի մեծ հաղթանակով», - դիմելով հավաքվածներին՝ ասել է Պետրոսյանը և հավելել, որ հաղթելու է նա, ով հաղթել է իր գլխում:
Դերասանը մարդկանց հորդորել հանեք մտքներից այն, որ, միևնույն է, ոչինչ չի ստացվի:
«Մարտի 1 էլ չի լինելու: Այն մնալու է պատմության մեջ դառը, դաժան էջ: Պետք է անել ամենը, որ դա էլ չլինի: Ուրեմն գլուխդ բարձր, հայ ժողովուրդը, միշտ հիշիր, պատմության մեջ կոտորվել է, մասնատվել, բայց երբեք չի կոտրվել: Ուրեմն գլուխդ բարձր՝ հաղթանակ», - եզրափակել է Վարդան Պետրոսյանը: