հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Ապշեցուցիչ էր, որ նա խոսում էր ժողովրդավարությունից». ԵՊԼՀ-ի դասախոսը՝ Զոլյանի մասին

«Ապշեցուցիչ էր, որ նա խոսում էր ժողովրդավարությունից». ԵՊԼՀ-ի դասախոսը՝ Զոլյանի մասին

Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայտնվելը Ազատության հրապարակում՝ ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, զարմացրել է ԵՊԼՀ-ի դասախոս, դոցենտ Դավիթ Գյուրջինյանին:

«Շատ զարմացա, երբ Ազատության հրապարակում հարթակի վրա տեսա պրոֆեսոր Սուրեն Զոլյանին։ Առավել զարմացա, երբ ելույթ ունեցավ։ Ապշեցուցիչ էր, որ նա խոսում էր ժողովրդավարությունից։ Այս մարդը 2008-ին բոլորովին ուրիշ դիրքորոշում ուներ։ Պատճա՞ռը։ Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորն էր, իշխանությունների խոսափողն էր, առաջամարտիկ՝ ազատ միտքը և խոսքը ճնշելու հարցում։ Այժմ պաշտոնանկ է արված, դրա համար էլ հանդես է գալիս ժողովրդավարության թիկնոցով։ Նման կերպարանափոխումները ես չեմ հասկանում և չեմ ընդունում», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Դավիթ Գյուրջինյանը։

Մեր այն հարցին՝ արդյո՞ք խնդիրներ չի ունենում բուհում՝ կապված քաղաքացիական դիրքորոշումը հրապարակայնորեն արտահայտելու հետ, պարոն Գյուրջինյանը պատասխանել է, որ միշտ էլ ազատորեն արտահայտել է իր կարծիքը երկրում տեղի ունեցող հասարակական-քաղաքական կարևոր իրադարձությունների, կրթության համակարգի, լեզվական իրավիճակի վերաբերյալ։

«Հաճախ իմ խոսքը քննադատական է եղել, երբեմն՝ շատ սուր։ Բայց ազնվորեն պիտի խոստովանեմ, որ առանձնակի խնդիրներ չեմ ունեցել համալսարանում դասավանդելու ընթացքում։ Նկատելի էր, որ նախկին ռեկտոր Զոլյանին երբեմն ուղղակի նյարդացնում էր իմ ներկայությունը (էլ չասեմ՝ խոսքը) համալսարանի գիտխորհրդում և այլն։ Բայց դա անցյալում է։ Ի դեպ, Զոլյանը շատ լավ գիտեր համալսարանի դասախոսների մասնագիտական կարողությունները։

Ես հիմա մեր համալսարանի գիտխորհրդի անդամ չեմ, որևէ պաշտոն չունեմ (պաշտոնն ինձ համար երբեք արժեք չի եղել)։ Ազատ եմ կաշկանդիչ բոլոր գործոններից, ինչպես ասում են՝ «ազատ ստեղծագործող եմ», – նշել է դասախոսն ու հավելել, որ իր մտքով էլ չի անցել, որ նման բան կարող է լինել:

«Եթե ես իմ գործը լավ եմ անում, չեմ թերանում աշխատանքային պարտականությունների կատարման մեջ, հաճախ շատ ավելին եմ անում, ինչո՞ւ պիտի խնդիրներ ունենամ։ Թող անհամեստ չհնչի, բայց ղեկավարներն էլ հասկանում են, որ ինձ նման մասնագետները երկրում այնքան էլ շատ չեն։ Ես իմ քաղաքացիական հստակ դիրքորոշումն ունեմ, բայց հո երկրիս թշնամին չե՞մ, որ ինձ նեղացնեն», – եզրափակել է Դավիթ Գյուրջինյանը։

Լուսանկարը՝ Դավիթ Գյուրջինյանի ֆեյսբուքյան էջից