Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանի սահմանը հատած հայաստանցիները հայրենադարձվել են

Ադրբեջանի սահմանը հատած հայաստանցիները հայրենադարձվել են

Ադրբեջանում ներկալված երկու հայ քաղաքացիական անձինք այսօր հայրենադարձվել են Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ։

Ինչպես ասված է ԿԽՄԿ հայաստանյան գրասնեյակի տարածած հաղորդագրության մեջ,  մեկ կին ու մեկ տղամարդ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների պատասխանատվության ներքո փոխանցվեցին Ադրբեջանի Հանրապետության Ղազախ և Հայաստանի Հանրապետության Իջևան քաղաքների միջև ընկած ճանապարհին՝ միջազգայիին սահմանի վրա։

Նախքան հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակները այցելել են քաղաքացիական անձանց՝ ազատազրկման պայմանները և նրանց հանդեպ վերաբերմունքը գնահատելու նպատակով։

«Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն, ԿԽՄԿ աջակցել է այս  հայրենադարձման գործողությանը՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Նախքան գործողության իրականացումը, ներկալված անձինք հավաստիացրել են ԿԽՄԿ-ին, որ վերադառնում են հայրենիք իրենց հոժար կամքով», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ, որում չեն նշվում հայրենադարձված անձանց անունները:

Նշենք, որ ադբեջանական, իսկ հետագայում հայաստանյան ԶԼՄ-ների կողմից տարածած լուրերի համաձայն, մարտի 16-ին սահմանը հատել ու Ադրբեջանի տարածք էր անցել Տավուշի մարզի Դովեղ գյուղի բնակիչ Մնացական Քառյանը, իսկ մարտի 17-ին՝ Այգեհովիտ գյուղի բնակիչ Անահիտ Առաքելյանը:

Tekali Taxi