Home / Հայաստան / Կոնգրեսականը զբաղվում է հացադուլ անող հայազգի իրավապաշտպանի՝ Օբամային ուղղված նամակով

Կոնգրեսականը զբաղվում է հացադուլ անող հայազգի իրավապաշտպանի՝ Օբամային ուղղված նամակով

2013 թ. մարտի 21–ին իրավապաշտպան Արա Մանուկյանն այցելել է ԱՄՆ կոնգրեսական ներկայացուցիչ Ադամ Շիֆի` Կալիֆորնիայի Բըրբանք քաղաքում տեղակայված գրասենյակ պարզելու արդյոք կոնգրեսականն արձագանքել է 2013 թ. մարտի 12-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված իր բաց նամակին: Հիշեցնենք, որ Մանուկյանը հացադուլ է հայտարարել՝ բողոքելով Բարաք Օբամայի՝ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձի դեմ:

Ինչպես հայտնում է thetruthmustbetold.com կայքը, Շիֆի՝ Բըրբանքում գտնվող գրասենյակի տարածքային ղեկավար Էն Մ. Փայֆերն ասել է Մանուկյանին, որ «նա տեղյակ է նամակի մասին»՝ հավելելով, սակայն, որ լիարժեք պատասխան չունի մամուլին հաղորդելու համար:

2013 թ. մարտի 22-ին՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ Շիֆի գրասենյակի այցելությունից մեկ օր անց Արա Մանուկյանը հեռախոսազանգ է ստացել Վաշինգտոնում տեղակայված կոնգրեսականի գլխավոր շտաբից: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադամ Շիֆի անձնակազմի ղեկավար Թիմոթի Բերգրինը Մանուկյանին հայտնել է, որ կոնգրեսականի հանձնարարությամբ ինքը զանգել է Սպիտակ տուն և խնդրել, որ պատասխանեն նախագահ Օբամային ուղղված Մանուկյանի բաց նամակին:

«Նա [Ադամ Շիֆը] նաև խնդրել է ինձ նամակն ուղարկել պետքարտուղարություն։ Այնպես որ, պատրաստվում ենք այն ուղարկել այնտեղի մեր գործընկերներին, և աշխատելու ենք նամակը փոխանցել անձամբ պետքարտուղարին, որպեսզի երկու տեղից էլ պատասխան ստանանք Ձեզ համար»,– ասել է անձնակազմի ղեկավարը: Բերգրինն ավելացրել է, որ պատասխանը հավանաբար մի քանի շաբաթ անց կլինի:

Հիշեցնենք, որ Արա Մանուկյանն իր հացադուլն սկսել է մարտի 17–ին:

Նա հացադուլն անում է Ադամ Շիֆի` Բըրբանքի տարածքային գրասենյակի դիմաց: Մանուկյանը վկայակոչում է ՀՀ նախագահի փետրվարի 18–ի ընտրության հետ առնչվող և գործող նախագահի օգտին կատարված բազմաթիվ խախտումների առկայությունը։

Լուսանկարը՝ thetruthmustbetold.com

Tekali Taxi