Home / Հայաստան / «Իմ խիղճը գործարք թույլ չի տա». Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոններ չի խնդրում

«Իմ խիղճը գործարք թույլ չի տա». Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոններ չի խնդրում

Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված համալիր առաջարկը պաշտոնների խնդրանք չէ: Այս մասին Հովհաննիսյանն ասել է այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում և հավաստիացրել, որ ինքը երբևէ գործարքի չի գնա:

«Պաշտոն չեմ ստանձնելու որևէ կառավարության մեջ՝ ոչ կոալիցիոն, ոչ որպես անհատ», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այն համալիր հանգուցալուծումը, որն ինքն ուղարկել է Սերժ Սարգսյանին, անբաժանելի է, և եթե վերջինս առաջարկների ցուցակից որևէ կետ հանի, պետք է համարժեք կետ ավելացնի:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ հացադուլը դադարեցնելու հորդորին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ ինքնուրույն որոշում կկայացնի՝ երբ դադարեցնել հացադուլը:

«Ժառանգության» առաջնորդը վերահաստատել է իր պատրաստակամությունը Սերժ Սարգսյանին հետ դեմ առ դեմ հանդիպելու և լուծումներ փնտրելու, սակայն հերթական անգամ ասել է, որ ինքն Ազատության հրապարակից դուրս չի գալու՝ «մինչև այս հանգրվանի ավարտը»:

«Ուրախ կլինեմ, եթե պարոն Սարգսյանը ձև գտնի ինձ հետ հանդիպելու», – ասել է Հովհաննիսյանը և նշել, որ ցանկալի կլիներ, որ հանդիպումը լինի ուղիղ եթերում:

«Դասեր քաղելով նախորդ փորձից՝ պետք է արձանագրություն ունենանք», – ասել է նա՝ նկատի ունենալով, որ նախորդ հանդիպումը դռնփակ է անցել և տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել:

Բոլոր նրանց, ովքեր իր առաջարկները որակում են որպես «3 կամ 8 պաշտոնի առևտուր», Հովհաննիսյանը խորհուրդ է տվել ուշադիր կարդալ դրանք և տեսնել, որ դրանք առնվազն ենթադրում են իշխանության ու ժողովրդի միջև պատասխաատվության կիսում:

«Ես հրապարակային եմ, և այդ հրապարակայնությունը, ինչպես նաև իմ բնավորությունը, իմ խիղճը թույլ չեն տալիս որևէ գործարք: Կամ կլինեն նախագահական արտահերթ ընտրություններ, կամ գործող դե ֆակտո իշխանությունը կգնա իշխանության կիսման ժողովրդի հետ: Դա նզավագույն շեմն է», – ասել է Հովհաննիսյանը ու նշել, որ ժամանակը ցույց կտա՝ որքանով Սերժ Սարգսյանը կկարողանա «հաղթահարել իր շրջապատը» և գնալ իշխանության կիսման:

Անդրադառնալով լրագրողի հարցին՝ արդյոք մտավախություն չունի՞, որ բանակցային գործընթացը կթուլացնի շարժումը, Հովհաննիսյանն ասել է, որ հակասություն չի տեսնում իրավատեր սահմանադրական պայքարի և բանակցային օրակարգ իրացնելու միջև, և որ մեկը մյուսին պիտի օժանդակի:

Հարցին՝ պատրաստ է արդյոք Սերժ Սարգսյանին հանդիպել ապրիլի 9-ից հետո, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ այդ օրվանից հետո թե իր, թե Սերժ Սարգսյանի կարգավիճակն այլ է լինելու:

Tekali Taxi