2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Իմ խիղճը գործարք թույլ չի տա». Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոններ չի խնդրում

Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված համալիր առաջարկը պաշտոնների խնդրանք չէ: Այս մասին Հովհաննիսյանն ասել է այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում և հավաստիացրել, որ ինքը երբևէ գործարքի չի գնա:

«Պաշտոն չեմ ստանձնելու որևէ կառավարության մեջ՝ ոչ կոալիցիոն, ոչ որպես անհատ», - ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այն համալիր հանգուցալուծումը, որն ինքն ուղարկել է Սերժ Սարգսյանին, անբաժանելի է, և եթե վերջինս առաջարկների ցուցակից որևէ կետ հանի, պետք է համարժեք կետ ավելացնի:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ հացադուլը դադարեցնելու հորդորին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ ինքնուրույն որոշում կկայացնի՝ երբ դադարեցնել հացադուլը:

«Ժառանգության» առաջնորդը վերահաստատել է իր պատրաստակամությունը Սերժ Սարգսյանին հետ դեմ առ դեմ հանդիպելու և լուծումներ փնտրելու, սակայն հերթական անգամ ասել է, որ ինքն Ազատության հրապարակից դուրս չի գալու՝ «մինչև այս հանգրվանի ավարտը»:

«Ուրախ կլինեմ, եթե պարոն Սարգսյանը ձև գտնի ինձ հետ հանդիպելու», - ասել է Հովհաննիսյանը և նշել, որ ցանկալի կլիներ, որ հանդիպումը լինի ուղիղ եթերում:

«Դասեր քաղելով նախորդ փորձից՝ պետք է արձանագրություն ունենանք», - ասել է նա՝ նկատի ունենալով, որ նախորդ հանդիպումը դռնփակ է անցել և տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել:

Բոլոր նրանց, ովքեր իր առաջարկները որակում են որպես «3 կամ 8 պաշտոնի առևտուր», Հովհաննիսյանը խորհուրդ է տվել ուշադիր կարդալ դրանք և տեսնել, որ դրանք առնվազն ենթադրում են իշխանության ու ժողովրդի միջև պատասխաատվության կիսում:

«Ես հրապարակային եմ, և այդ հրապարակայնությունը, ինչպես նաև իմ բնավորությունը, իմ խիղճը թույլ չեն տալիս որևէ գործարք: Կամ կլինեն նախագահական արտահերթ ընտրություններ, կամ գործող դե ֆակտո իշխանությունը կգնա իշխանության կիսման ժողովրդի հետ: Դա նզավագույն շեմն է», - ասել է Հովհաննիսյանը ու նշել, որ ժամանակը ցույց կտա՝ որքանով Սերժ Սարգսյանը կկարողանա «հաղթահարել իր շրջապատը» և գնալ իշխանության կիսման:

Անդրադառնալով լրագրողի հարցին՝ արդյոք մտավախություն չունի՞, որ բանակցային գործընթացը կթուլացնի շարժումը, Հովհաննիսյանն ասել է, որ հակասություն չի տեսնում իրավատեր սահմանադրական պայքարի և բանակցային օրակարգ իրացնելու միջև, և որ մեկը մյուսին պիտի օժանդակի:

Հարցին՝ պատրաստ է արդյոք Սերժ Սարգսյանին հանդիպել ապրիլի 9-ից հետո, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ այդ օրվանից հետո թե իր, թե Սերժ Սարգսյանի կարգավիճակն այլ է լինելու: