Home / Տեսանյութեր / Ինչու էին նախագահական ընտրություններն ավելի ազատ. օմբուդսմենի 10 պատճառը

Ինչու էին նախագահական ընտրություններն ավելի ազատ. օմբուդսմենի 10 պատճառը

2013 թվականի փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններն ավելի ազատ էին, բայց շատերը չեն հավատում դրանց արդարությանը: Այս մասին այսօր տարածած հայտարարության մեջ նշել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Օմբուդսմենը մարդկանց չհավատալու մի քանի պատճառ է նշել.

– Տասնամյակներ շարունակ նույնիսկ ամենաբիրտ և ակնհայտ ընտրախախտումների պարագայում գրեթե բոլոր պետական ինստիտուտները (Ոստիկանություն, Դատախազություն, ԿԸՀ, Սահմանադրական դատարան) պատշաճ չեն արձագանքել դրանց, ինչը պահպանել և խորացրել է հանրության վստահության ցածր մակարդակը ընտրական գործընթացների նկատմամբ:

– Ընտրությունների ընթացքում ստացվել է ընտրակաշառքի բաժանման 100 ահազանգ, սակայն Ոստիկանությունը քննության արդյունքում չի բացահայտել ընտրակաշառքի գեթ մեկ դեպք, մինչդեռ կրկնակի քվեարկության 20 ահազանգերի պարագայում 4-ը բացահայտվել են:

– Ընտրությունների ընթացքում գրանցվել են վարչական ռեսուրսի չարաշահման մի շարք դեպքեր, որոնց կապակցությամբ որևէ անձի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել:

– Ստացված 293 ահազանգերի  դեպքերից 273-ով իրավապահ մարմինների կողմից կայացվել են որոշումներ քրեական գործերի հարուցումը մերժելու մասին, այնինչ չեն իրականացվել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները:

– Առանձին դեպքերում իրավապահ մարմինները ընտրակաշառքների և այլ ընտրահանցանքների վերաբերյալ ահազանգերը քննելիս բացատրությունները հիմնականում վերցրել են համայնքապետից կամ իշխանական կուսակցության ներկայացուցչից: Հետևաբար, ըստ ներկայացված տեղեկատվության, ոչ բոլոր դեպքերում է կատարվել բազմակողմանի քննություն, այսինքն` անհրաժեշտ և բավարար հիմնավորումներով գործերը ավարտելու համար չեն ներգրավվել գործի ելքով չշահագրգռված բոլոր պատշաճ անձինք:

– Անձնագրերի դրոշմակնքման օրենսդրական պահանջը, որպես կրկնակի քվեարկության բացառման երկաստիճան համակարգի մաս չի ծառայել իր նպատակին, քանի որ օգտագործված թանաքը հեշտորեն հնարավոր էր հեռացնել անձնագրերից:

– Ընդդիմադիր ուժերի և որոշ միջազգային կազմակերպությունների կողմից բացասականորեն ընդգծվել է և կասկածների տեղիք է տվել այն հանգամանքը, որ գործող Նախագահին կողմ քվեարկած ձայներն էականորեն մեծ թիվ են կազմել  այն տեղամասերում, որտեղ  միջինից բարձր է եղել ընտրողների մասնակցությունը:

Կարեն Անդրեասյանը նաև ընտրությունների՝ ավելի ազատ լինելու մի քանի հիմնավորումներ է ներկայացրել.

– Թեկնածուների գրանցման ընթացքում օրենքի որևէ խախտում չի արձանագրվել:

-Թեկնածուների քարոզչության, խաղաղ հավաքների և հրապարակային միջոցառումների ընթացքում չեն գրանցվել էական խոչընդոտման դեպքեր:

– Պատշաճ կարգով պահպանվել են ՀՀ Նախագահի թեկնածուների քարոզչության լուսաբանման և խոսքի ազատության ապահովման օրենսդրական պահանջները և հավասար հնարավորություններ են ընձեռվել բոլոր թեկնածուների համար:

– Շուրջ 3500-ով նվազել են ընտրողների ցուցակներում առկա անճշտությունները, իսկ ՀՀ Ոստիկանությունն էականորեն բարելավել է ընտրողների ցուցակներում անճշտությունների վերացմանն ուղղված վարչարարությունը:

-Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրման ընթացքում խնդիրների լուծման ժամանակ էականորեն նվազել է իրավական ձևապաշտությունը (ֆորմալիզմը):

– ՀՀ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ու ՀՀ Նախագահի թեկնածուների կողմից առաջադրված է եղել թվով 20690 վստահված անձ և հանձնաժողովի անդամներ: Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցությունը  1988 տեղամասային ընտրական հանձնաժողովներից 1884-ում (95 տոկոս) ունեցել է առաջադրած անդամներ:  Ընդդիմության ներկայացուցիչները ներկայացրել են միայն 12 վերահաշվարկի դիմում և միայն 70 քվեարկության արդյունքներ անվավեր ճանաչելու դիմում (118 տեղամասերում):

– Ընտրական գործընթացի թերությունների մասին 1988 ընտրական տեղամասերից միայն 44 ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում են կատարվել համապատասխան գրառումներ:

– Ընտրությունների հետընտրական զարգացումների ընթացքում ապահովվել է անձանց ազատ տեղաշարժվելու և հավաքներին մասնակցելու իրավունքը:

– ՀՀ Ոստիկանության և ՀՀ Դատախազության կողմից ընտրախախտումների մասին շուրջ 300 հաղորդումները ավելի մանրամասն են ուսումնասիրվել և առավել հստակ տվյալներ են տրամադրվել քննության արդյունքների վերաբերյալ:

– Ընտրախախտումների ահազանգերի բնույթը ըստ համայնքների հիմնականում տարբեր է եղել, հետևաբար ընտրախախտումները չեն կրել համակարգված համապետական բնույթ և չեն իրագործվել միասնականորեն մշակված և մեկ կենտրոնից ուղղորդվող մեխանիզմներով:

Tekali Taxi