2026 թ. մայիս 28, հինգշաբթի

«Փակ շուկայի» խնդրով քրեական գործի հարուցումը մերժվել է

Փակ շուկայի կառույցը վնասելու կամ ոչնչացնելու դեպքի կապակցությամբ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացրել և արդյունքում որոշվել է քրեական գործի հարուցելը մերժել և քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Pastinfo.am-ի փոխանցմամբ՝ Ոստիկանությունը հանգել է եզրակացության, որ թեև «Երևանի թիվ 1» շուկայի տարածքամ կատարվող շինարարական աշխատանքներ իրականացրած անձինք խախտել են համապատասխան շինարարական նորմատիվները, սակայն դրանցով շուկայի կառույցը կամ դրա մի հատվածը վնասելու կամ ոչնչացնելու դիտավորություն չեն ունեցել: Նրանք տվյալ դեպքում պարտավոր չէին և չէին կարող նախատեսել իրենց գործողությունների հետևանքները, քանի որ շուկայի տարածքում իրականացված աշխատանքները նախապես հաստատվել ու համաձայնեցվել են համապատասխան կազմակերպությունների և պետական մարմինների կողմից:

Հիշեցնենք, որ Փակ շուկայի շինարարության ժամանակ վանդալիզմի հարցով քրեական գործ հարուցելու պահանջով մի շարք մտավորականներ ու ճարտարապետներ բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին: Նախաձեռնության անդամները պնդում են, որ Փակ շուկան որպես մշակութային հուշարձան պետք է պահպանի իր տեսքը, ինչը չի արվում ներկայիս սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի կողմից, որը փոփոխությունների է ենթարկում շինությունը:

Թեև ոստիկանությունը որոշել է գործ չհարուցել, Փակ շուկայի շինության վրա սեփականատիրոջ կողմից կատարված շինարարական փոփոխությունները պետք է ապամոնտաժեն: Այդ մասին որոշում է կայացրել ՀՀ մշակույթի նախարարությունը: