Թամանյանի նախագծած շենքը կարող է հյուրանոց դառնալ
Կառավարությունը որոշում է կայացրել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կողմից մինչ այժմ օգտագործվող Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքը և դրա օգտագործման ու սպասարկման հողատարածքը հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Համաձայն որոշման՝ հիմնարկին է հանձնվում նաև Չարենցի 5/25 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի 1-ին հարկի 328.0 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքը, ինչպես նաև բաժնային սեփականություն համարվող համապատասխան հողը:
Այս որոշումը մտահոգություն է առաջացրել Երևանի պատմամշակութային շինությունների պահպանմամբ զբաղվող ակտիվիստների, ճարտարապետների շրջանում: Ստեղծվել է «Փրկենք Պուշկին 25 շենքը» նախաձեռնությունը, որը վաղը «Եվրասիա» հիմնադրամում հանդիպում է անցկացնելու՝ որոշելու համար հետագա քայլերը՝ շենքը փրկելու համար: Այս մասին Epress.am-ին ասել է նախաձեռնության համակարգող Իզաբելլա Սարգսյանը:
Նա հիշեցրել է, որ Պուշկինի 25 շենքը դեռևս 2004 թվականի կառավարության որոշմամբ գրանցվել է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
Խմբի նախաձեռնողի խոսքով՝ կան տեղեկություններ, որ շենքի փոխարեն հյուրանոց է կառուցվելու: Նշենք, որ շենքը նախագիծը պատկանում է Ալեքսանդր Թամանյանին:
Լուսանկարը՝ Հայկ Բիանջյանի