2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ինչպես են Կոտայքում ձայներ հավաքում Երևանի ընտրությունների համար

«Հայկական ժամանակ» օրաթերթը երեկ ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հրահանգով մարզպետարանի ենթակայությամբ գործող պետական հիմնարկների ղեկավարների առջև պահանջ է դրվել` կոլեկտիվի անդամներից հավաքել մայրաքաղաքում ապրող իրենց այն ծանոթ-բարեկամների տվյալները, որոնք կպարտավորվեն Երևանի ավագանու ընտրություններում քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին:

Խոսքը վերաբերում է, մասնավորապես, դպրոցներին: Թերթի տեղեկություններով՝ կոլեկտիվի անդամներից պահանջում են այդ տվյալները ու միաժամանակ զգուշացնում, թե զանգահարելու են ցուցակում նշված երևանցիների հեռախոսահամարներով` անձամբ նրանցից հաստատում ստանալու, որ պատրաստվում են ընտրել Հանրապետական կուսակցությանը: Երեկ թերթի թղթակիցը պատահական ընտրությամբ զանգահարել է Աբովյան քաղաքի դպրոցներից մեկը, որը մարզպետարանի ենթակայության տակ է: Ասել է, որ մարզպետարանի աշխատակից է և հետաքրքրվել է ցուցակների ճակատագրով:

Տնօրենի (դպրոցի համարն ու տնօրենի անունը միտումնավոր չի նշվում) հետ զրույցը ներկայացնում ենք ստորև.

- Ցուցակներ պիտի պատրաստեիք չէ՞ ավագանու ընտրությունների հետ կապված, ուզում եմ հարցնել` ի՞նչ փուլում է:

- (Տևական լռություն-խմբ): Ինչո՞ւ եք դպրոցներին հարցնում: Դուք ո՞վ եք, կասե՞ք:

- Ուղղակի ինծ հանձնարարել են, որ ճշտեմ, տեսնեմ` հիմա ի՞նչ ընթացքի մեջ է, հերթով զանգում եմ:

- Ցուցակները տվել ենք արդեն:

- Ե՞րբ եք տվել, ո՞ւմ:

- Շուտ ենք տվել, օրը չեմ կարող հիշել, բայց մի քանի օր առաջ էր:

- Ո՞ւմ եք տվել:

- Ով մեզ հանձնարարել է:

- Կրթության բաժի՞ն եք ներկայացրել:

- Չէ, կրթության բաժինը չի հանձնարարել:

- Իսկ քանի՞ հոգու անուն կար ձեր ցուցակում... Նույն ցուցակի մասին ենք, չէ՞ խոսում, Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված` բարեկամների, ծանոթների ցուցակի:

-Հա:

-Իսկ անուն կարող եք նշել ո՞ւմ եք տվել:

- Դե հիմա ես չգիտեմ ճիշտն ասած, դուք ով եք: Ով ինձանից պահանջել է, նրան էլ տվել եմ: