Home / Տեսանյութեր / Նախարարն առաջարկում է զինծառայողներին անդամախեղման համար ավելի խիստ պատժել

Նախարարն առաջարկում է զինծառայողներին անդամախեղման համար ավելի խիստ պատժել

2011 թվականին զինծառայողների կողմից անդամախեղման 103 դեպք է գրանցվել, 2012 թ-ին՝ 110-ը: Այս հանցագործության աճի միտումով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է վերանայել Քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածը՝ խստացնելով այս արարքի համար նախատեսված պատժաչափը: Այս մասին տեղեկացնում է pastinfo.am-ը:

Ազգային ժողովի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով քրեական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նախագիծը՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նշել է, որ հիմնականում զինծառայության հանցագործությունների հետ կապված քրեական օրենսգրքի հոդվածներում փոփոխություններով և լրացումներով նախատեսվում են նոր կարգավորումներ, սահմանվում է նոր պատժատեսակ, որը բնորոշ է բացառապես զինծառայության մեջ գտնվողներին:

Մասնավորապես, խստացվում են քրեական օրենսգրքի գործող 363-րդ հոդվածով անդամախեղելու և հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու համար սահմանված պատժաչափերը՝ 3 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինելով 4 տարով:

Ըստ այդմ, անդամախեղության համար առաջարկվում է սահմանել պատիժ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Pastinfo.am-ը նշում է, որ նույն արարքը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, առաջարկվում է պատժել կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով:

Զինծառայողի կողմից հիվանդության սիմուլյացիան կամ կեղծ փաստաթղթեր օգտագործելը կամ խաբեությունը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն, նախատեսվում է պատժել կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Tekali Taxi