Home / Հայաստան / ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ. Ռոք-խումբը Մարտի 1-ի զոհերի հիշատակին երգ է նվիրել

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ. Ռոք-խումբը Մարտի 1-ի զոհերի հիշատակին երգ է նվիրել

Հայաստանյան «Արտ-լաբորատորիա» արվեստագետների խումբը հայ-շոտլանդական An Gordonach! ռոք խմբի (խմբի անդամները՝ լուսանկարում)՝ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված Gurr երգի հիման վրա տեսահոլովակ է ստեղծել:

An Gordonach!-ը երգում է մարդկանց քաջության, միասնական պայքարի կարևորության, բռնատիրական ռեժիմների դեմ ընդվզման մասին:

«Ժողովրդի միսն ու արյունն ենք,

ժամանակը կանցնի, կապանքները` ժանգոտ,

Հաղթանակը մեր միջով կհոսի,

Որ հառնեն հոգիները կորով», – երգում է հայ-շոտլանդական խմբի մենակատար Ստյուարտ Մոյրին:

Նշենք, որ Gurr-ը շոտլանդական բարբառով նշանակում է քաջություն:

«Երգը փոփոխությունների համար քաջություն ունենալու մասին է: Ես հայ չեմ և ազգությունն էական էլ չէ, կարևոր է անարդարությունների դեմ պայքարը, որտեղ էլ այն լինի: Քանի դեռ անձեռնմխելիությունը և համատարած կոռուպցիան շարունակում են քայքայել պետական համակարգը, մենք շարունակելու ենք երգել այս երգը՝ մեր աջակցությունը հայտնելով վերոնշյալ երևույթների դեմ պայքարող մարդկանց Հայաստանում և այլուր», – նշում է Մոյրին:

Նշենք, որ «Արտ-լաբորատորիայի» տեսահոլովակում ներկայացված են թե՛ Հայաստանում անցկացված ակցիաներից ու հանրահավաքներից, ինչպես նաև Մարտի 1-ի ոճրագործությանը վերաբերող կադրեր, թե՛ այլ երկրներից մարդկային ընդվզման պատկերներ և քաղաքացիների նկատմամբ բռնի ուժի գործադրման դեպքեր:

Հոլովակի վերջում անգլերեն լեզվով ներկայացված է հետևյալ տեքստը.

«2008 թվականի Մարտի 1-ին Երևանում կեղծված նախագահական ընտրությունների դեմ բողոքի ժամանակ 8 քաղաքացիներ և 2 ոստիկաններ են սպանվել՝ զինված ուժերի անօրինական և հակասահմանադրական ներգրավման հետևանքով:

Չնայած միջազգային հանրության ճնշմանը, որը պահանջում էր մանրակրկիթ հետաքննություն անցկացնել, Հայաստանի իշխանությունները հրաժարվեցին դատարանի առջև կանգնեցնել պատասխանատուներին, փոխարենը կոծկեցին տեղի ունեցածը կոռուպցիայի մեջ թաղված դատական համակարգի օգնությամբ:

Այս երգը նվիրվում է զոհերի հիշատակին, այն համերաշխության դրսևորում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր պայքարում են բռնաճնշումների և անարդարության դեմ»:

Ծանոթություն. An Gordonach! խումբը կազմավորվել է 2010-ին՝ Վանաձորում, կիթառահար և վոկալիստ Ստյուարտ Մոյրի ու ՓՈւՇ խմբի կիթառահար Տիրայր Մխիթարյանի ծանոթության արդյունքում: Հետագայում նրանց միացավ նաև Quake-ը (հարվածային գործիքներ): Ըստ խմբի անդամների՝ իրենք փորձում են ստեղծել նոր, հետաքրքիր երաժշտական ոճ  ռոքերաժշտության մեջ, որն իրենից ներկայացնում է ռոքի, բրիտ փոփի, շոտլանդական, հայկական ժողովրդական երաժշտությունների միախառնում:

Լուսանկար՝ angordona.ch կայքից