2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Ցմահ դատապարտյալն իր գրքի շնորհանդեսի հրավեր է ստացել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, ով նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող է, բանտից հրավեր է ուղարկել՝ մասնակցել իր երկրորդ՝ «Զուգահեռ աշխարհում» գրքի շնորհանդեսին, որը կկայանա մայիսի 15-ին ՆՓԱԿ-ի շենքում:

«Գիրքը իրականություն դարձավ սփյուռքահայ բարերար Նարեկ Հարթունյանի շնորհիվ, ում անձամբ չեմ ճանաչում, բայց հավատում եմ, որ Աստծո կամքով, ֆիզիկական ազատության մեջ նրա ձեռքն ամուր սեղմելու պատիվ կունենամ: Շնորհակալություն Մարդկանց, ովքեր անտարբեր չանցան ու լսեցին ձայնս. «Փրինթինֆո» տպագրատան աշխատակազմ և ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնություն, արվեստի աշխարհի մարդիկ, քաղաքացիներ…

Անկեղծ ես էլ եմ հրավեր ստացել: Բանտում բացեցի ծրարն ու զարմացա: Հիմա պարտավորված եմ ինձ զգում: Հետևաբար խոստանում եմ այդ օրը մտքի ամենազոր ուժով հաղթել տարածությունը, ինչպես սովորաբար անում եմ, երբ ցանկանում եմ հայտնվել ֆիզիկական ազատության մեջ՝ Ողջերի աշխարհում: Իսկ ես միշտ եմ ցանկանում:

Իմ առաջին՝ «Ես զրուցում եմ քեզ հետ, Մարդ» գրքից հետո մենք ընկերներ դարձանք, զրույցը Մարդու հետ ստացվեց: Ու հիմա էլ այն շարունակվում է: Երկրորդ գիրքը Ձեզ կպատմի ՑՄԱՀ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մասին: Այս արտահայտությունը իմը չէ, այլ հեղինակ-կատարող Վարդան Գալստյանինը, ով կարդացել էր առաջին գիրքս ու համանուն երգ գրել:

Մի գաղտնիք բացեմ: Երկրորդ գիրքն ի սկզբանե վերնագրել էի «Մարդկանց աշխարհի կինը», հետո՝ «Սա կինո չէ» /այս վերնագրերով պատմվածքներ կան գրքում/, իսկ վերջում՝ «Զուգահեռ աշխարհում»: Ինչո՞ւ… քայլում ենք նույն քաղաքի փողոցներով, անցնում իրար կողքով, բայց ապրում զուգահեռ աշխարհներում, որոնք անտարբերության ծնունդ են: Դրանք ստեղծում են փոքր բանտեր մարդկանց հոգիներում:

Զրուցում եմ արթունների հետ, որ միասին արթնացնենք քնածներին…

Ուրեմն՝  ժամադրում եմ բոլորիդ մայիսի 15-ին, ժամը՝ 2-ին, ՆՓԱԿ-ում», - գրել է Մհեր Ենոքյանը: