Երևանի նորընտիր ավագանիում, ըստ ԿԸՀ-ի` երեկ հրապարակած վերջնական արդյունքների, ՀՀԿ-ն կունենա 42, ԲՀԿ-ն` 12, «Բարեւ Երեւան»-ը` 6 անդամ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, չնայած դժգոհ է մայիսի 5-ի ընտրությունների անցկացման որակից, որոշել է վերցնել մանդատները:
«Մենք բարոյական պատասխանատվություն ունենք այն հարյուր հազար երևանցիների հանդեպ, որոնք իրենց վստահության քվեն տվել են «Բարգավաճ Հայաստան»-ին եւ 17 մանդատով անգամ պիտի փորձենք բարձրացնել այն գերակա, կարևոր հարցերը, որոնք մենք տեսանք, որ Երևանում բազմաթիվ են», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ ցուցակը գլխավորող երեք թեկնածուները` ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը և Աբրահամ Մանուկյանը հրաժարվելու են իրենց մանդատներից:
Ինքնաբացարկի դիմումները կարող են ԿԸՀ ներկայացվել մինչև օրվա ավարտը:
«Բարեւ Երևան» դաշինքն իրեն բաժին հասած 6 մանդատներից հրաժարվել-չհրաժարվելու հարցը քննարկելու է այսօր երեկոյան:
«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, սակայն, ընդդիմադիր դաշինքը հակված է վերցնել մանդատները:
Ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Անահիտ Բախշյանը, օրինակ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ ինքը կողմնակից է մանդատները վերցնելուն և աշխատելուն: