Home / Հայաստան / Ցմահ բանտարկյալի գրքի շնորհանդեսին եկավ նրա նախկին խցակիցը

Ցմահ բանտարկյալի գրքի շնորհանդեսին եկավ նրա նախկին խցակիցը

Այսօր Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում կայացել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի եկրորդ՝ «Զուգահեռ աշխարհում» գրքի շնորհանդեսը: Գրքում զետեղված են Ենոքյանի հայերեն և ռուսերեն պատմվածքները, գլուխներից մեկում հավաքել են մամուլում Ենոքյանի դեպքի մասին գրված հոդվածները, ինչպես նաև ցմահ դատապատժին անդրադարձները:

Ժողովածուի հովանավորն է սփյուռքահայ գործարար, բարերար Նարեկ Հարթունյանը: 2000 դրամ արժողությամբ գրքի հասույթը տրամադրվելու է Մհեր Ենոքյանի բուհի ուսման վարձը մարելուն: Ցմահ դատապարյալը սովորում է Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

Իր գրքի նախաբանում Ենոքյանը նշել է, որ ինքը հույս ունի ազատության մեջ հայտնվել և սեղմել նրանց ձեռքը, ովքեր պայքարել են իր դեմ կայացրած անօրեն վճիռը ուղղելու համար:

«Ես էլ նույն ճակատագրի միջով եմ անցել, և մի փոքր էլ հիմա դեռ անցնում եմ և շատ լավ հասկանում եմ՝ ինչ է նշանակում անարդար վճիռ կրել, չարած բանի համար մեղադրվել: Սակայն ես հավատում եմ ճակատագրին, սրանք փորձություններ են, որոնց միջից մենք պետք է դուրս գանք», – շնորհանդեսին ասել է Նարեկ Հարթունյանը:

Այսօր Ենոքյանի բանտային կյանքից է պատմել նրա նախկին խցակից Գուրգեն Մարտիրոսյանը: Վերջինիս խոսքով՝ բանտում հեշտ է հասկանալ՝ մարդ հանցագործ է, թե ոչ, իսկ Ենոքյանի կենցաղը հուշել է, որ նա չէր կարող մարդ սպանած լինել:

«Մհերն ինձ պատմել էր, որ իր գործով մեղավորի հարազատներից մեկը հայտնի պետական պաշտոնյա է: Եվ թերևս նա էր միջնորդել, որ Մհերին մի քանի անգամ գիշերը դուրս էին տանում, վախացնում էին, ու նա սփրթնած վերադառնում էր»,-պատմել է Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ Ենոքյանին վախեցնելու կարիք չէր լինի, եթե նա մեղավոր լիներ:

Ենոքյանի առաջին գիրքը կրում էր «Ես զրուցում եմ քեզ հետ. ՄԱՐԴ» անունը: Այն լույս էր տեսել ավելի քան մեկ տարի առաջ: Այժմ Ենոքյանը աշխատում է երրորդ գրքի վրա, ինչպես նաև թարգմանություններ է անում արտասահմանյան գրականությունից:

Հիշեցնենք, որ Ենոքյանը արդեն 17 տարի է՝ գտնվում է անազատության մեջ: Նա մեղադրվել է 1996 թվականին համակուրսեցուն սպանելու մեջ: Սակայն հետագայում միջադեպի մասնակիցներից մեկը, ով նույնպես անցել է սպանության գործով, խոստովանել է իր մեղքը, 15 տարվա պատիժ կրել և ազատվել բանտից:

Ենոքյանը պնդում է, որ ինքն անմեղ է, պահանջում է վերանայել գործը, սակայն նրա գործը մերժվել է տարբեր ատյաններում, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանում:

Tekali Taxi