Ադրբեջանցի ակտիվիստները պաշտպանեցին ընկերներին` զուգարաններ մաքրելով (ՖՈՏՈ)
Ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստների լուսանկարների սկանդալային հրապարակումը մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում: Լուսանկարներում երևում է, թե ինչպես են 10 օրով կալանավորված «Ազգային ճակատ» կուսակցության երիտասարդական կոմիտեի ղեկավար Աբուլֆազ Ղուրբանլին, NİDA շարժման վարչության անդամ Թուրգութ Գամբարը և երիտասարդ ակտիվիստ Իլքին Ռուստամզադեն մարքում են ՔԿՀ-ի տարածքը, այդ թվում՝ զուգարանները:
Լուսանկարները տարածողները ենթադրել են, որ դրանք կարող են վարկաբեկել երիտասարդներին հասարակության աչքերում, քանի որ Կովկասում լայնորեն տարածված չգրված «գողական օրենքներով»՝ տարածքը հավաքելն ու զուգարանները մաքրելը նվաստացնում է տղամարդու արժանապատվությունը:
Սակայն լուսանկարների տարածումը հակառակ արդյունքն է տվել. երիտասարդ ակտիվիստների ընկերներն ակցիա են կազմակերպել՝ լուսանկարելով իրենք իրենց զուգարաններ մաքրելիս ու աղբ հավաքելիս, որից հետո սկսել են ակտիվորեն տարածել այդ լուսանկարները համացանցում:
ՔԿՀ-ում արված լուսանկարները տարածվել են մի կայքի միջոցով, որն իրեն ներկայացնում է որպես իրավապաշտպան ռեսուրս: Կայքը, իր հերթին, հղում է կատարում «իշխանամետ ԶԼՄ-ներին», որոնց անունները չի նշում: Բաքվում աշխատող լրագրողները, սակայն, նշում են, որ անգամ բազմաթիվ իշխանամետ ԶԼՄ-ներ հրաժարվել են տարածել այդ լուսանկարները՝ համարելով դա բարոյական նորմերին հակասող:
Ակտիվիստների լուսանկարների թեման հասել է անգամ Ադրբեջանի խորհրդարան: Պատգամավոր Իգբալ Աղազադեն երեկ Միլի մեջլիսի նիստի ժամանակ խոսել է դրանց մասին՝ տարածման պատասխանատվությունը դնելով իրավապահ մարմինների վրա:
Նա նշել է, որ նման նկարներ տարածելու նպատակը երիտասարդության վրա հոգեբանական ճնշում գործադրելն է:
«Դա անթույլատրելի է և ոչ բարոյական», - Աղազադեի խոսքերը փոխանցում է contact.az-ը:
Պատգամավորը նշել է, որ լուսանկարներն արվել են իրավապահների կողմից, որովհետև ոչ ոք չէր կարող մուտք գործել ՔԿՀ-ի տարածք: Խորհրդարանի խոսնակ Օգտայ Ասադովը պատասխանել է, որ պետք է պարզել փաստերը և նման հայտարարություններ չանել:
Հարկ է նշել, որ կայքը, որի միջոցով տարածվել են լուսանկարները, պատկանում է նախկին քաղբանտարկյալ, լրագրող Էյնուլա Ֆաթուլաևին, ով ավելի քան 4 տարի է անցկացրել բանտում՝ հայտնի դառնալով որպես Ադրբեջանի իշխանությունների քննադատ:
2011 թվականի մայիսի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համաներմամբ նա ազատ է արձակվել: Այժմ Ֆաթուլաևը «Մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպությունն է գլխավորում, զեկույցներ է հրապարակում, որոնք հստակ իշխանամետ բնույթ են կրում: Նախկին գործընկերների խոսքով՝ բանտից դուրս գալուց հետո Ֆաթուլաևը խզել է կապերն անկախ լրագրողների և հրապարակախոսների հետ:
ձերբակալված ակտիվիստները
Ակտիվիստ Աբուլֆազ Ղուրբանլիի լուսանկարի վրա գրված է՝ «Աբուլֆազ, աշխատանքը պարտավոր են բոլորը սիրել»
Այս լուսանկարի վրա գրված է՝ «Իլքին Ռուստամզադեն և Թուրգութ Գամբարը բնության սիրահարների դերում»
ընկերների արձագանքը
Յուրի Մ.



