Home / Հայաստան / Խաբված բնակիչներին խորհուրդ են տալիս բանկից հետ ստանալ գումարները. ակցիա

Խաբված բնակիչներին խորհուրդ են տալիս բանկից հետ ստանալ գումարները. ակցիա

Կառավարության մոտ այսօր բողոքի ակցիա են անցկացրել Դավիթաշեն երկրորդ թաղամասի մոտ 3 տասնյակ բնակիչներ՝ պահանջելով «Տոնուս» ընկերությունից ավարտին հասցնել իրենց հետ կնքված պայմանագրի դրույթները:

Բնակիչները Epress.am-ի թղթակցին պատմել են, որ 2006 թվականի հոկտեմբեր ամսից պամանագրեր են կապել ընկերության հետ և գումարներ վճարել, ըստ որի ընկերությունը պետք է 2008 թվականին ավարտին հասցներ շինարարությունը և բնակարանները հանձներ բնակիչներին, սակայն մինչ օրս չի կատարել իր պարտավորությունները:

Նշենք, որ «Տոնուս» ընկերությունը պատկանում է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին:

«Ուղիղ 7 տարի է՝ այսօր, վաղը, այսօր, վաղը խաբելով՝ նրանք մեր կողմից լրիվ անվստահություն են ձեռք բերել, դա մի կողմ, երկրորդը՝ մենք պահանջում ենք, ասում ենք՝ ի՞նչ ա կատարվում, ասում են՝ ««Արցախ» բանկը մեզանից խլել ա տունը», այսինքն՝ դա հավասար է նրան, որ ինչ-որ մեկի ինքը մեծ փող պարտք լինի՝ ինչ տարբերություն՝ բանկին է պարտք, թե՞ մարդու: Այդ ամբողջը ինքը էնքան հանգիստ ձևով ա 7 տարի հետո  ասում, որ տունը ձերը չի», – նշել է ակցիայի մասնակից Անուշ Մացակյանը:

Վերջինս պատմել է, թե 2 օր առաջ իրենք ժողովի են եղել, և Տոնոյանի եղբոր որդին՝ Նշանը, իրենց ասել է, թե տունն այլևս իրենցը չէ, ու խորհուրդ է տվել գոնե գնալ ու հետ ստանալ գումարները:

««Արցախ» բանկի հետ մենք պայմանագիր չունենք, մենք լրիվ մուծումները կատարել ենք «Տոնուս»-ի հետ, գնանք «Արցախ»  բանկից ի՞նչ ուզենք, մի քանի օր ա, ինչ մեզ ասել են, որ մնացել ենք առանց բնակարանի: 9-հարկանի շենքը սարքեցին 11 հարկ, 11-ը՝ 14 հարկ, ասում էին՝ պահանջարկն էնքան շատ ա, հետո էլ 2009-ին ասացին, որ կրիզիս ա, չեն կարողանում ապահովել», – պատմել է մեր զրուցակիցը՝ հավելելով, թե շուտով տղան վերադառնալու է բանակից ու ինքը չգիտի՝ որտե՞ղ են ապրելու:

Ակցիայի մեկ այլ մասնակից Անուշ Թունյանը ասել է, որ ամբողջ խնդիրը բանկինն ու կազմակերպությանն են:

«Եթե այդ կազմակերպությունը 3-4 շենք ունի, և սա 5-րդ շենք է երևի, որ կառուցում է: Այդքան կառուցել է ու սնանկացել է, կամ չի կարողանում տոկոս տալ: Լավ, բայց բնակիչների մուծած գումարները բանկը որ տեսել է, շենքը կառուցվեց, նո՞ր հիշեց, որ քաոս է, չի կարողանում ավարտին հասցնել շինարարությունը: Բա վարկային գիծ կա, պատմություն կա, միգուցե ավելի շուտ ասեր՝ «հարգելի բնակիչ, գիտեք, ձեր կազմակերպությունը չի կարողանում ձգել, կամ մեկ ուրիշ բանկի դիմեք», – պատմել է Թունյանը:

Եզրափակելով խոսքը՝ Թույանն ասել է, որ խնդրում են կառավարությանը աջակցել, որպեսզի հնարավարություն ստեղծվի «Տոնուսը» գործարքը կատարի մեկ այլ բանկի հետ:

«Հենց հասավ մեր 150 բնակչին, ստացվեց այսպես, ինչ-որ մի բան է կատարվում, մենք չենք կարողանում հասկանալ»,  -ասել է ակցիայի մասնակից կինը:

Ավելի ուշ Epress.am-ը զրուցել է Անուշ Թունյանի հետ, ով ակցիայից հետո այլ բնակիչների հետ հանդիպել է «Արցախբանկ»-ի ղեկավարության հետ: Բանկից բնակիչներին խնդրել են բերել պայմանագրի պատճենները, որից հետո խոստացել են հարցը քննել:

Լուսանկարը՝ Galatv.am

Tekali Taxi