Home / Հայաստան / Կառավարությունը պատրաստ է օգնել հրդեհից տուժած «Սպայկային»

Կառավարությունը պատրաստ է օգնել հրդեհից տուժած «Սպայկային»

Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է անցած գիշեր «Սպայկա» բեռնափոխադրող ընկերության շենքերից (տարածքը 2500 քառակուսի մետր) մեկում ծագած հրդեհին, որը մինչև առավոտ բավական մեծ ծավալ է ստացել։

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության կայքը, պատասխանելով «Ի՞նչ հետևանք կարող է ունենալ հրդեհը» հարցին՝ ՀՀ բնապահպանության նախարարը զեկուցել է, որ հրդեհի ծավալը մեծ էր՝ 1500 և ավելի քառակուսի մետր: Ավտոմատ կայանների և շարժական լաբորատորիայի միջոցով անընդհատ վերահսկվել է օդի աղտոտվածության մակարդակը:

Նախարարը հավաստիացրել է, որ նախնական տվյալներով որևէ անհանգստացնող խնդիր չկա։ Նա նշել է, որ օրվա վերջում պատկերն առավել ամբողջական կլինի և կառավարությանն ու հանրությանը համապատասխան տեղեկություն կտրվի։

Այնուհետև, դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարարին, Տիգրան Սարգսյանը մտահոգություն է հայտնել, որ հրդեհի հետևանքով տուժել են «Սպայկայի» արտադրական շենքը, սառնարանային տնտեսությունը, ուստի անհրաժեշտ է միջամտել և աշխատել ընկերության հետ, քանի որ դա էական նշանակություն կարող է ունենալ այս տարվա մթերումների համար։

«Միգուցե մենք կարողանանք այլ արտադրական տարածքներ առաջարկել, որպեսզի ընկերությունը ժամանակավորապես մթերումն այլ տարածքներում կազմակերպի, և այս հրդեհը գյուղատնտեսական աշխատանքներին վնաս չպատճառի», – ասել է վարչապետը։

Նա հանձնարարել է հրավիրել «Սպայկայի» ղեկավարությանը և քննության առնել այդ հարցերը։ Նախարարը հավաստիացրել է, որ խնդրին համապատասխան լուծում կտրվի:

Tekali Taxi