Home / Հայաստան / Բնապահպանը դեմ է եվրոպացիների առաջարկին. նրան հորդորել են մամուլի հետ չխոսել

Բնապահպանը դեմ է եվրոպացիների առաջարկին. նրան հորդորել են մամուլի հետ չխոսել

Շաբաթներ առաջ Հայաստանում կայացած «Ազատ Եվրոպական առևտրի գոտի» անունը կրող հավաքի ընթացքում մի մարդ, ում անունը բնապահպան, «Էկոլոգիական հասարակական դաշինք»-ի համակարգող Սիլվա Ադամյանը չի ցանկացել հրապարակել, մոտեցել է իրեն ու հորդորել հավաքի մասին մամուլի հետ չխոսել: Այս մասին Սիլվա Ադամյանն ասել է այսօր Epress.am-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ դրա պատճառը, թերևս, այն է եղել, որ հավաքի ընթացքում խնդրահարույց հարց է քննարկվել:

Բնապահպանն ասել է, որ հանդիպմանը մասնակցել են հայաստանյան տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, իսկ բնապահպանության ոլորտը ներկայացրել է միայն ինքը:

«Ես լսում էի, թե ինչ է առաջարկում Եվրոպան Հայաստանին: Իհարկե, ընդունելի բաներ շատ կային՝ ճանապարհների, հարկերի հետ կապված, ավելի արագ բարտերի ձևակերպում, ապրանքափոխանակում, այստեղից հումքը տանեն այնտեղ, այնտեղից բերեն, ինչպես նաև պատրաստի արտադրանքը տանեն Եվրոպա և այլն», – ասել է Ադամյանը:

Նա նշել է, որ սկզբում այդ ամենի մեջ ինչ-որ դրական միտում է նկատել, բայց հանկարծակիի է եկել, երբ Եվրամիության ներկայացուցիչներից մեկն ընթերցել է առևտրի հետ կապված իրենց առաջնահերթությունները:

«Պարզվեց, որ իրենց առաջնահերթությունը հանքարդյունաբերությունն է: Լավ է, որ ես պատրաստված էի գնացել՝ թվերով, հանքերով, ծանր մետաղներով, կարծես թե զգում էի, որ այդ հարցը ծագելու է: Խոսք խնդրեցի, ինձ ասացին՝ «դուք սխալ եք հասկացել»: Ասացի՝ ո՞նց կարող եմ սխալ հասկանալ, եթե ես տեքստը լսեի անգլերենով, միգուցե, սխալ հասկանայի, բայց թարգմանիչը սինխրոն ասաց՝ «առաջին հերթին կզարգանա հանքարդյունաբերությունը», – պատմել է Ադամյանը:

Նա հակադարձել է, ասելով՝ «իբր չէր զարգացել, նո՞ր պիտի զարգանա», այնուհետ սկսել է խոսել է հանքարդյունաբերության մասին:

«Իրենք էլ, թե՝«մենք այդ մասին չենք խոսում, ես էլ ասացի, որ խոսելու եմ, քանի որ տեսնում եմ, որ դուք փորձում եք Հայաստանը դարձնել հանքային կցորդ, ապա ես լռել չեմ կարող: Ոչ մի պատասխան չեղավ՝ բացարձակ լռություն էր», – նշել է բնապահպանը:

Ադամյանը շեշտել է, թե իր խոսքում ասել է, որ դեմ է հանքային կցորդ դառնալուն,  և անգամ այլընտրանքներ է ներկայացրել:

«Ասացի, որ Հայաստանը իրենից լուրջ տուրիստական գոտի է ներկայացնում, Հայաստանում կան այնպիսի մթերքներ, որոնք չկան աշխարհի ոչ մի ծայրում ու առաջարկեցի Հայաստանը դարձնել տուրիստական գոտի և արտահանել մեր մրգերը: Չեք պատկերացնում՝ ինչ  քար-լռություն էր», – նշել է Ադամյանը:

Լուսանկարը՝ Սիլվա Ադամյանի ֆեյսբուքյան էջից

Tekali Taxi