Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի, ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սերգեյ Աղաբեկյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՊՆ քննչական ծառայության քննիչի, հսկող դատախազի նկատմամբ:
Իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Հրազդան քաղաքի բնակիչ Հայկ Մովսիսյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու, ապօրինի մեղադրական դատական վճիռ կայացնելու, նրա նկատմամբ հանցագործությունները կոծկելու գործողությունները, որոնք ուղեկցվել են անձին ապօրինի կալանքի տակ պահելով և ինքնասպանության հասցնելով, կատարվել են վերոնշյալ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև ՊՆ քննչական ծառայության քննիչների, բժշկական փորձաքննություն իրականացնողների կողմից կազմակերպված և ուղղորդված գործողություններով:
«Նման փաստով պաշտոնատար անձանցից մի քանիսի հեռացումը աշխատանքից հանդիսանում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի, իրավունքի գերակայության սկզբունքի ակնհայտ խախտում, որի վերաբերյալ դեռևս սույն թվականի մայիսի 8-ին պահանջել ենք ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանից կազմակերպության հայտարարությունն ընդունել որպես հաղորդում:
Այնուամենայնիվ, մինչ օրս Հայկ Մովսիսյանի նկատմամբ ապօրինություններ թույլ տված որոշ պաշտոնական անձինք շարունակում են պաշտոնավարել և հայտնի չէ, թե արդյոք նրանց նկատմամբ առաջադրվել է մեղադրանք:
Օրենքով սահմանված նորմերի և լիազորությունների չիրականացումը դիտարկում ենք որպես պետական ամենաբարձր մակարդակով ՀՀ քաղաքացու նկատմամբ կազմակերպված հանցագործության կոծկում, արդարադատության նկատմամբ հանցագործություններ կատարած անձանց հովանավորում:
Պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազից.
- նշված պաշտոնատար անձանց նկատմամբ առաջադրել մեղադրանք
- Հայկ Մովսիսյանի նկատմամբ ապօրինությունների հիմքով հարուցել քրեական գործ և կատարված հանցագործությունների բացահայտման և իրավական գնահատական տալու նպատակով իրականացնել բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, իսկ արդյունքների մասին պարբերաբար իրազեկել հանրությանը», – ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ:
Ավելի վաղ իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը վստահություն էր հայտնել, որ Անդրանիկ Միրզոյանին աշխատանքից ազատելը կապված է եղել Շուշիի ՔԿՀ-ում զինծառայող Հայկ Մովսիսյանի ինքնասպանության հետ, որի գործի քննությունը սխալ է տարվել: