Home / Հայաստան / Վարչապետը «լավ կենաց էր ասել ու հեռացել». դժգոհ գյուղացիները ալյուրի ու կարագի փող են ուզում

Վարչապետը «լավ կենաց էր ասել ու հեռացել». դժգոհ գյուղացիները ալյուրի ու կարագի փող են ուզում

Կարկուտից տուժածներին կառավարության խոստացած փոխհատուցումը չի կշտացնի: Այս մասին այսօր Еpress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը:

«Բանկերում վարկեր սառեցնել-մառեցնելը մեզ պետք չի: Ժողովուրդը զայրացած է, ոչ մեկի էդ խոստումներով չեն համոզի», – նշել է մեր զրուցակիցը, ով շեշտել է, որ ինքը  վարկեր չունի բանկերում, իսկ իր այգում միայն ծառապտուղ է, որը հիմնովին ավիրվել է:

Ըստ Սիմոնյանի՝ սա կառավարության հերթական «փափուկ բարձն է», որը ժողովրդի գլխի տակ դնելով՝ իզուր հույսեր են տալիս:

«Ինձ ոչ բանկի սառեցումն ա պետք, ոչ բանկի եսիմինչերը, ոչ էլ կառավարության սուտ խոսքերը: Ես ոչ մեկի կոպեկ պարտք չեմ, ուզում եմ էս 10 ամիսը յոլա էթամ, հաց ունենամ, ձմեռը սովից ընտանիքս չմեռնի, մինչև գարունը կբացվի, նորից կարանամ աշխատեմ-ապրեմ», – ասել մեր զրուցակիցը:

Սիմոնյանը նշել է, որ իր բանզմանդամ ընտանիքի գոյատևման համար ամենակարևոր պարենամթերքի համար ոչ գումար ունի, ոչ էլ հայթայթելու հույս:

«Մի 6-7 մեշոկ ալյուր, մի քանի տուփ աղ, մի 2 տուփ էլ 9 կգ-անոց կարագ ու վերջ, էսքան բան թող տան, թե չէ 4 երեխուս, 8 թոռներիս ո՞նց պահեմ մինչև էս տարվա վերջ, որ չմեռնեն, խոտ էլ չկա ուտելու», – ասել է մեր զրուցկիցը՝ թվարկելով իր կրած վնասի չափը՝ 64 ծառ, կես տոննա խնձոր, 1,5-ական տոննա ծիրան և խաղող, ինչպես նաև այլ մրգատեսակներ, որոնք հիմնովին ավերել է կարկուտը:

 

Նրա խոսքով՝ այս նույն «կոտրած տաշտակի առաջ է հայտնվել» շենավանցիների գրեթե 70-80 տոկոսը, մնացածը ինչ-ինչ պատճառներից ելնելով լռում են:

«Մենակ նրանք չեն բողոքում, ում ընտանիքից դպրոցում կամ հիվանդանոցում աշխատող կա, ովքեր ամսական ռոճիկ են ստանում, կարողանում են խանութից մի բան առնեն: Կինս գյուղապետարանում հավաքարար ա աշխատում, էն հողի հարկերից ա կախված, եթե ժողովուրդը  հարկերը չտա, ինքը ռոճիկ չի ստանա»,- եզրափակել է Սիմոնյանը:

Մրգաշատ գյուղի բնակիչների բողոքն էլ Еpress.am-ին փոխանցել Բարունակ Ղուկասյանը՝ ընդգծելով, որ Կառավարության որոշումից դժգոհ համագյուղացիները այսօր կեսօրից պարբերաբար բողոքի ալիք են բարձրացնում, ինչը պաշտոնական մակարդակով արագ լռեցվում է: Նրա խոսքով՝ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ են գալիս և համոզում, որ մի քանի օր էլ համբերեն մինչև ավելի ստույգ պատասխան կլինի:

«Այսօր մարզպետի մակարդակով մի քանի անգամ ժողովրդին լռեցրել են: Երեկ վարչապետը թաքուն եկել էր Արմավիր, որ ժողովուրդը չիմանա ու չհավաքվի, հետո փախել էր մարզպետարան, հավաքել գյուղապետերին, լավ կենաց էր ասել ու հեռացել, չնայած իր գալ-չգալը բոլորովին իմաստ չունի, եթե ժողվուրդը սոված ա: Որ պիտի գա ու էդքան անիմաստ խոսի, թվերի հետ խաղ անի… նա բանկիր ա, թվերի հետ խաղ ա անում, օդից փող ա բռնում, օդից ո՞նց կարելի ա սոված ժողովուրդ կերակրել կամ փրկել»,- ասել է Ղուկասյանը:

Նա նշել է, որ իր կորուստը 1 տոննա սալոր է, մոտավորոպես 15 տոննա ծիրան, 18-ից 20 տոննա խաղող:

Ղուկասյանը հավելել է, թե ժամանակը աշխատելու է տուժած գյուղերի բնակիչների դեմ ու մարդիկ ուղղակի սովամահ են լինելու, քանի որ որոշ ժամանակ անց վերջանալու է տանը եղած սնունդը, իսկ նորը գնելու համար իրենք գումար չունեն:

«Մարդիկ սովից չգիտեն, ի՞նչ անեն, ահավոր հուսահատ վիճակում են: Ովքեր մի փոքր հնարավորություն ունեն Հայաստանից փախնելու, հավաքվում ու գնում են: Էս քանի օրվա ընթացքում 40-50 հոգի երկու գրուպայով մեր մոտից հիմնական գնացել են: Այդ մարդիկ հողի հետ հույսեր էին կապել, սակայն հիասթափված հեռացան: Մնացողներն էլ «կենաց ու մահու» կռիվ պետք ա տան: Մեր ուզածը էն է, որ կառավարությունը տուժած ընտանիքներին ցածր տոկոսով երկարաժամկետ վարկեր տա, մի քանի կոպեկ էլ փող, էլի գյուղացին էշի պես աշխատելու ա, էլի իրանց համար: Մեր պետությունը իրա էշին էլ չի ուզում կերակրի», – շեշտել է Ղուկասյանը:

Tekali Taxi