Home / Հայաստան / Բնապահպանները հույս ունեն՝ արքայազն Չարլզը կհամոզի Արմեն Սարգսյանին հանք չշահագործել (ՖՈՏՈ)

Բնապահպանները հույս ունեն՝ արքայազն Չարլզը կհամոզի Արմեն Սարգսյանին հանք չշահագործել (ՖՈՏՈ)

Այսօր մի խումբ բնապահպան ակտիվիստներ գնացել են Մատենադարան՝ դիմավորելու Ուելսի արքայազն Չարլզին և նրան հանձնելու բնապահպանական խնդիրների մասին ահազանգող նամակ:

Մատենադարանի շենքի մոտ հավաքված բնապահպանները  իրենց ձեռքին էին պահել հետևյալ գրություններով պաստառները՝ «Մենք ցանկանում ենք կանաչ ներդրումներ, այլ ոչ թե թունավոր հանքարադյունաբերություն Հայաստանում», «Հայաստանն առանց բրիտանական ցիանիդի», «Բնապահպան Չարլզ, միացեք Հայաստանի բնապահպանների» և «Մեր ոսկին մեր բնությունն է»:

Ակտիվիստները կարծում են, որ արքայազնը չի կարող անտարբեր գտնվել Հայաստանի բնապահպանական խնդիրների հանդեպ, քանի որ ինքն էլ հանդիսանում է բնապահպան՝ Չարլզը Մեծ Բրիտանիայում վայրի բնության պաշտպանության հիմնադրամի նախագահն է:

Նշենք, որ արքայազն Չարլզը Մատենադարան պետք է ժամանի ժամը 17:00-ին:

Ինչպես Epress.am-ի հետ զրուցում ասել է ակտիվիստ Աննա Շահնազարյանը, ուրախալի է, որ լուրերը, թե արքայազնը ցանկանում է Հայաստանում հանք բացել չեն համապատասխանում իրականությանը, սակայն այն, որ արքայազնը այստեղ է նախկին վարչպետ, գործարար Արմեն Սարգսյանի հրավերով, արդեն մտագոհիչ է:

Ակտիվիստը հիշեցրել է, որ Սարգսյանը զբաղվում է հանքարդյունաբերությամբ և  հանդիսանում է բրիտանական «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերության կառավարիչների խորհդի անդամ:

Հիշեցնենք, որ «Լիդիան Ինթերնեշընըլ» հանքարդյունաբերական ընկերությունը ներկայացրել Վայոց Ձորի մարզում գտնվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը, որի դեմ բնապահպանները  պայքարում են:

Շահնազարյանի խոսքով՝ իրենց ակցիայի նպատակն է նաև կոչ անել Հայաստանի հանրությանը չխաբվել PR ակցիայի նմանվող այս միջոցառմանը, որի հիմնական նպատակը, ըստ իրենց, Արմեն Սարգսյանին Հայաստանում հայտնի դարձնելն է: Բնապահպանները հույս ունեն, որ արքայազնը կզրուցի իր ընկերոջ՝ Արմեն Սարգսյանի հետ և կբարձրաձայնի բնապահպանական խնդիրները, որոնք կհարուցի հանքի շարագործումը:

«Ամուլսարի հանքի շահագործման մասին որոշումները նույնիսկ անօրինական են: Բնապահպանական նախարարությունը հիմնավորված դեմ կարծիքներ է ստացել, այդ թվում նաև Սևանի հանձնաժողովից, սակայն միևնույն է՝ ընդունել է առաջարկված ծրագիրը: Եթե ասում են, որ «Լիդիանը» բարձր հարգանք ունեցող միջազգային ընկերություն է, մենք ասում ենք, որ այստեղ այն գործում է օրենքի խախտումներով», – Epress.am-ին ասել է բնապահպան Ինգա Զառաֆյանը:

Արքայազն Չարլզին հանձնվելոք նամակում բնապահպանները  մասնավորապես գրել են.

«Հարկ ենք համարում Ձեզ տեղեկացնել, որ Մեծ Բրիտանիայի Չենըլ Այլընդզում գրանցված ընկերության և Ձեր ընկեր Արմեն Սարգսյանի մասնակցությամբ հանքարդյունաբերական գործունեությունն իսկական աղետ է ինչպես Հայաստանի բնակչության, այնպես էլ՝ կենսաբազմազանության համար: Հանքավայրում՝ Ամուլսարում, անտառներ չկան, չնայած մեր կառավարությունը և մասնավոր ընկերությունները պատրաստ են նաև անտառներ վերացնել հանուն հանքարդյունաբերության, ինչպես արեցին Հայաստանի հյուսիսում՝ Թեղուտում: Սակայն համաձայն WWF հայաստանյան մասնաճյուղի՝ Ամուլսարի հանքավայրի տարածքում կան ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ և բուսատեսակներ, այդ թվում՝ կովկասյան գորշ արջ, հայկական մուֆլոնը, բեզորարյան այծ: Հայաստանյան օրենսդրությունը խստիվ արգելում է տնտեսական վնասաբեր գործունեություն այն տարածքներում, որտեղ գրանցված են ՀՀ Բույսերի և Կենդանիների Կարմիր գրքերում ընդգրկված բուսա- և կենդանատեսակներ:

Հարկ ենք համարում շեշտել, որ հանքավայրը տեղադրված է մինչև 2008թ. պլանավորման և սահմանման ընթացքում գտնվող «Ջերմուկ» ազգային պարկի տարածքում, որի վերջնական հաստատման և օրենքով պահպանվող տարածք դարձնելու աշխատանքները հանկարծակի ընդհատվեցին հանքավայրի բացահայտման հետ մեկտեղ: 2012թ. WWF-ի պատվերով անկախ խորհրդատուների կազմած՝ Ազգային պարկի իրագործելիության հետազոտության մեջ նշվում է, որ տարածքում արդեն զարգացած տուրիզմը ավելի խթանելով հնարավոր կլիներ ապահովել նույնքան տնտեսական եկամուտ, որքան նախատեսվող հանքարդյունաբերությունից՝ առանց վտանգելու շրջակա միջավայրը և թունավորելու առանց այն էլ հանքարդյունաբերության բացասական հետևանքներից տուժող Հայաստանը: Հանքավայրը շահագործելը չի մտնում տարածաշրջանի զարգացման և ո՛չ մի ծրագրի մեջ, ավելին՝ հակասում է հանքավայրից 10կմ հեռավորության վրա գտնվող առողջարանային քաղաք Ջերմուկի ավագանու որոշմանը, որը դեմ է հանքի շահագործմանը»:

Tekali Taxi