Home / Հայաստան / Բնապահպանները Չարլզին չհանդիպեցին. նա հեռացավ Մատենադարանի հետնամուտքից (ՖՈՏՈ)

Բնապահպանները Չարլզին չհանդիպեցին. նա հեռացավ Մատենադարանի հետնամուտքից (ՖՈՏՈ)

Այսօր կեսօրից հետո քաղաքացիական ակտիվիստների մի խումբ հավաքվել էր Մատենադարանի մոտ՝ ցանկանալով հանդիպել մասնավոր այցով Երևան ժամանած Ուելսի արքայազն Չարլզի հետ:

Տեղեկանալով, որ Չարլզը Մատենադարան է այցելելու 17:00-ին, բնապահպան ակտիվիստները ևս մեկ անգամ՝ ավելի մեծ խմբով, Մատենադարանի հարթակում են հավաքվել 16:30-ին:

Ակտիվիստների հիմնական նպատակն է տեղեկացնել Չարլզին այն մասին, որ բրիտանական «Լիդիան» ընկերությունը բնապահպանական նորմերի խախտումներով է շահագործում Ամուլսարի ոսկու հանքը:

Մինչ ակտիվիստները պաստառներով կանգնած էին Մատենադարանի գլխավոր մուտքի դիմաց, Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցները և Չարլզի այցը կազմակերպած «Երևան, իմ սեր» հիմնադրամի մամուլի խոսնակը փորձում էին նրանց համոզել իջնել հարթակից:

Պաշտոնյաների կարծիքով՝ այդպես ավելի անվտանգ կլիներ հենց իրենց՝ քաղաքացիների համար, քանի որ այլ պարագայում ոստիկանները ստիպված կլինեն հեռացնել նրանց մուտքի մոտից:
Ինչևէ, ակցիայի մասնակիցները ասել են, որ իրավունք ունեն իրենց ակցիան անցկացնել որտեղ կկամենան և հրաժարվել են ներքև իջնել:

Քիչ հետո նրանց շրջափակելու են եկել մի խումբ ոստիկաններ:

Թեև արքայազնը պետք է Մատենադարան գար ժամը 17:00-ին, բրիտանացի թագաժառանգին գլխավոր մուտքի մոտ չեն տեսել մինչև 19:30-ը: Ակտիվիստները կարծիք են հայտնել, թե նա մտել է Մատենադարան հետնամուտքից: 19,30-ի սահմաններում այդ կասկածները հիմնավոր են դարձել. արքայազնը դարձյալ հետնամուտքից դուրս է եկել և հեռացել Մատենադարանից:

Մինչ այդ ակտիվիստներին մոտեցել է Մեծ Բրիտանիայի դեսպանը և վերցրել է արքայազնին ուղղված նամակը՝ խոստանալով այն փոխանցել Չարլզին:

Դեսպանն ասել է նաև, որ արքայազնի խորհրդականը պատրաստ է հանդիպել ակտիվիստներից մի քանիսի հետ և քննարկել վերջիններիս հուզող բնապահպանական խնդիրները:

Tekali Taxi