Home / Հայաստան / «Ոստիկանությունից սպառնացել էին». գյուղացիները՝ ճանապարհը փակելու մասին

«Ոստիկանությունից սպառնացել էին». գյուղացիները՝ ճանապարհը փակելու մասին

Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղերի բնակիչներին վերջին  օրերին կառավարության կողմից որպես օգնություն տրամադրված սերմացուները արմավիրցիները «թուլափայ են» անվանում:

«Կառավարությունը ողորմություն է տալիս մեզ՝ արևածաղիկ, ձմերուկի սերմ, եգիպտոցորեն, վարունգի սերմ: Այս սերմերով նորից կառավարությունը ահռելի մեծ շահույթ է ապահովում», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ Բարունակ Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ նման անիմաստ քայլով կառավարությունը ծաղրում է գյուղացուն:

«Իրականում ոչ մեկի էլ պետք չէ այդ սերմը, բայց մարդիկ գնում-վերցնում են: Տարին կես ա եղել, բերում սերմ են տալիս. ի՞նչ ցանես, որ մինչև աշուն հասցնես բերք հավաքես: Մյուս տարվա մասին էլ չենք խոսում՝ յանի էս տարի շատ ապրանք, կամ սաղ մնացինք մինչև էկող տարի, մի հատ էլ մյուս տարվա մասին մտածենք: Ժողովուրդը  թեև վերցնում է սերմացուն, սակայն օգտագործելու առիթ հաստատ չի ունենա: Օրինակ՝ ես ծիրանի և խաղողի այգիներ ունեմ, վարունգի կամ արևածաղկի սերմեր բերում եմ, որ ի՞նչ անեմ, քանդեմ խաղողիս այգին, բերեմ սեմուշկա ցանեմ, կամ 12 տարի մշակած ծիրանի այգիներս դնեմ քանդեմ, ծառը կտրեմ, որ ի՞նչ անեմ, վարո՞ւնգ ցանեմ, թե՞ կուկուռուզ», – ասել է Ղուկասյանը:

Մեր թղթակցի հետ զրույցում նույն մտահոգություններով է կիսվել նաև Հայկավան համայնքի բնակիչ Հովհաննես  Հակոբյանը:

«Իմ կուլտուրան բանջարաբոստանային է, այնինչ բոլորին անխտիր լոբու, եգիպտացորենի, արևածաղկի և այլնի սերմացուներ են տալիս, չգիտեմ՝ ինչի համար են մարդիկ գնում ու վերցնում: Մենք կառավարությունից լոբի, սերմացու ու չգիտեմ ինչ չենք պահանջել ու դրա համար էինք բողոքի ակցիա անցկացնում: Անձամբ ես չեմ վերցրել կուլյոկների մեջ լցված սերմացու կոչված «ողորմությունը», այլ նման օգնություն էլ առաջարկել եմ իմ կողմից տալ գյուղապետարանին», – ասել է Հակոբյանը՝ շեշտելով, թե իր վրդովմունքը բառերով արտահայտել չի կարողանում:

Վերջինս նշել է, որ սերմերը չեն բավականացնի անգամ բանջարաբոստանային կուլտուրաներ ունեցողներին՝ «ասենք՝ 5000 մետր պոմիդորի սածիլ ունեցողին մոտավորապես 3-4 հազար հատ սածիլ է հարկավոր, այնինչ նրան տալիս են 100-200 հատիկ սերմ»:

Հակոբյանը տարակուսանք է հայտնել՝ «արդյոք կառավարությունը սա համարում է օգնությո՞ւն կամ վարչապետը խոսում էր, թե գյուղացու կողքին են, արդյո՞ք սա է նրա աջակցությունը»:

Epress.am-ի զրուցակիցները նաև իրենց զայրույթն են արտահայտել  երեկ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ իրենց մարզ այցելության վերաբերյալ, որի ընթացքում ոստիկանության, ներքին զորքերի ու ՊՆ-ի ուժերով կաթվածահար էր եղել մարզի երթևեկությունը:

Արմավիրցիները խոստացել էին ի նշան բողոքի՝ մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, փակել  «Սարդարապատի» հուշահամալիր ժամանող Սերժ Սարգսյանի ճանապարհը:

«Այնպիսի արգելք էին դրել, որ անհատը չէր կարողանում իր անձնական փոխադրամիջոցով երթևեկել, փակել էին բոլորի ճանապարհները: Գյուղացին անզոր էր դրա դեմ պայքարել: Ժողովուրդը այդ քայլին չգնաց», – ասել է Հակոբյանը:

Մրգաշատցի Ղուկասյանն էլ հավելել է, որ գյուղացիներին ոստիկանությունից ակնհայտ սպառնացել են՝ նշելով, որ նրանց կողմից  ճանապարհը փակելու ցանկացած փորձ, ձեռնարկված յուրաքանչյուր քայլ կդիտվի որպես հանցագործություն ու կպատժվի օրենքի ողջ խստությամբ:

«Մենք էլ պարզ գիտակցում ենք, որ մաս-մաս, կտոր-կտոր ժողովրդին շատ հանգիստ կբռնեին: Մեր նեղ վիճակը մեզ քիչ էր, մի հատ էլ մնում էր կալանավորեին: Մենք քրեական կամ քաղաքական աստառ չենք ուզում, մեր խնդիրը միայն հացի է՝ ուրիշ ոչինչ», – եզրափակել է Ղուկասյանը:

Tekali Taxi