Վրաստանի քաղաքացիներին կազատեն «Հակաքրիստոսի դրոշմից»
Վրաստանում անձը հաստատող էլոկտրոնային փաստաթղթերում չեն լինի հավատացյալ և սնահավատ քաղաքացիների մոտ անհանգստություն առաջացնող երեք 6-եր պարունակող թվերի համադրություններ:
Ինչպես նշել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, էլեկտրոնային փաստաթղթերում կնշվեն միայն քաղաքացիների հիմնական անձնական տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ և սեռ): Նրա խոսքով՝ այլ տվյալները փաստաթղթում կարող են ավելացվել միայն փաստաթղթի սեփականատիրոջ թույլտվությամբ, հաղորդում է Georgia online-ը:
Անձը հաստատող նույնականացման համարներով վկայականները (սովորական և էլոկտրոնային) Վրաստանում և այլ երկրներում հավատացյալների կողմից քննադատության էին արժանացել: Քննադատները զուգահեռներ էին անցկացնում Աստվածաշնչում նշված «հակաքրիստոսի դրոշմի» հետ:
Անցած տարի, մասնավորապես, վրացական «Ուղղափառների ժողով» կազմակերպությունը մի քանի հազար ստորագրություններ էր հավաքել այն բանի համար, որ նոր էլեկտրոնային փաստաթղթերը տրվեն միայն կամավորական սկզբունքով:
Այս ֆոնի վրա Վրաստանի պատրիարքությունը դիմել էր կառավարությանը՝ խնդրելով անձը հաստատող էլեկտրոնային փաստատթղթերի փոխարեն այլընտրանքային տարբերակներ տրամադրել: Արդարադատության նախարարը, մեկնաբանելով խնդրանքը, հայտարարել է, որ մոտ ժամանակներս կհրապարակվեն այդ թեմայով հոտազոտությունների արդյունքները: Եթե պարզվի, որ քաղաքացիների մեծ մասի համար ներկայիս փաստաթղթերը ընդունելի են, ապա այլընտրանքային փաստաթղթեր չեն ներկայացվի:
Անձը հաստատող էլեկտրոնային թաստաթղթերը (ID քարտեր) Վրաստանում տրամադրվում են 2011 թվականից: