Home / Հայաստան / Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը այս ամսվա ընթացքում չի կայանա. աղբյուր

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը այս ամսվա ընթացքում չի կայանա. աղբյուր

ԵԱՀԿ ՄԽ-ին կրկին չի հաջողվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին նստեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սեղանի շուրջ, գրում է ռուսաստանյան «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը:

«ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հանդիպման չկայանալու մասին իրենց տեղեկացրել է երկրներից մեկի պատվիրակության դիվանագիտական աղբյուրը՝ «Զալցբուրգում հունիսի 12-ին կայանալիք հերթական փուլը չի կայանա»:

Ըստ աղբյուրի կանխատեսումների, «հիմա այսպիսի հանդիպման մասին կարելի կլինի խոսել ամռան վերջից – աշնան սկզբից ոչ շուտ»:

Նշենք, որ հնարավոր հանդիպման մասին տեղեկությունները վերջին շրջանում տարածվել էին հայաստանյան և ադրբեջանական մամուլում:

Epress.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳ մամուլի ծառայությունը նման հանդիպման մասին երբեք չի հայտարարել, ուստի, եթե այդ տեղեկատվությունը կա «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ում, ապա պետք է դիմել հենց ռուսաստանյան գործակալությանը:

Բալայանն ավելացրել է, որ պաշտոնական հանդիպումների մասին ԱԳՆ-ն տեղեկացնում է պատշաճ ժամկետներում:

Tekali Taxi